Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: Այս մասին Դուբլինում ԵԽ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին «Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի:
Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը:
Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը»,-ասել է նա:
Ալեն Սիմոնյանը հավելել է, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը եւ խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ. «Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա: Շնորհակալություն»,- ասել է նա: