
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ «շատ բարդ հարցերին» պետք է պատասխաններ տրվեն, նախքան Եվրամիությունը կարող է նույնիսկ սկսել Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը։
ԵՄ երկրները պետք է դեկտեմբերին որոշեն, թե արդյոք թույլ կտան Ուկրաինային սկսել անդամակցության բանակցությունները, ինչը կպահանջի բոլոր 27 անդամների միաձայն աջակցությունը: Դիվանագետներն ասում էին, որ Հունգարիան կարող է խոչընդոտ դառնալ:
«Մենք չենք կարող խուսափել հարցերից, երբ աշնանը Բրյուսելում տեղի ունենան Ուկրաինայի ապագայի շուրջ բանակցությունները. արդյոք մենք իսկապես կարող ենք լրջորեն դիտարկել երկրի անդամակցության հարցը, սկսել անդամակցության բանակցությունները պատերազմի մեջ գտնվող երկրի հետ»,- ասել է Օրբանը։
«Մենք չգիտենք, թե որքան մեծ է այս երկրի տարածքը, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է, մենք չգիտենք, թե որքան մեծ է նրա բնակչությունը, որովհետև նրանք փախչում են... ընդունել մի երկիր ԵՄ՝ առանց դրա պարամետրերը իմանալու, աննախադեպ կլիներ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխանենք մի քանի շատ բարդ հարցերի, նախքան փաստացի որոշում կայացնենք՝ սկսել անդամակցության բանակցությունները», - ասել է նա:
Ավելի վաղ Օրբանը խորհրդարանին ասել էր, որ Հունգարիան չի աջակցի Ուկրաինային միջազգային հարաբերությունների ոչ մի հարցում, քանի դեռ այնտեղ չեն վերականգնվել էթնիկ հունգարացիների լեզվական իրավունքները։