
ԵՄ-ն և դրա անդամ երկրները պատրաստ են հավելյալ մարդասիրական օգնություն ցուցաբերել արցախահայությանը: Այս մասին ասվում է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։
«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և Լաչինի միջանցքի մի քանի ամիս տեւած շրջափակման արդյունքում այս պահին ղարաբաղցի հայերի զանգվածային արտագաղթ է տեղի ունենում։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում։
Շտապ անհրաժեշտություն կա շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ապահովել Ղարաբաղում, ովքեր դեռևս կարիք ունեն, ինչպես նաև նրանց համար, ովքեր հեռացել են: Եվրամիությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների և հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը։
Եվրահանձնաժողովը հայտարարեց 5 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակներում հայտնվածներին: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։
Ադրբեջանը պատասխանատու է ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ իրենց տներում արժանապատիվ, առանց ահաբեկման կամ խտրականության ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքն ապահովելու: Կենսական է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք առաջիկա օրերին։
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված հատուկ պորտալի միջոցով Հայաստանի բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել տեղի զարգացումներին»,- ասված է հայտարարությունում: