
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ քննարկել է Ղարաբաղում գործողությունից հետո տարածաշրջանի իրավիճակի և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցությունը, ներառյալ շրջակա միջավայրի ոլորտում գործընկերության հեռանկարները, Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի, ադրբեջանցի նախարարը զրուցակցին տեղեկացրել է ապօրինի հայկական կազմավորումների զինաթափման գործընթացի, հայ բնակչության կարիքները բավարարելու համար Բաքվի ձեռնարկած հրատապ միջոցառումների և նրանց վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին։
«Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի հանձնառությունը՝ երկխոսելու Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ և հայտարարել, որ նրանց կարիքները բավարարելու համապարփակ միջոցառումները կշարունակվեն»,- ասվում է հայտարարության մեջ։