
Ադրբեջանի հետ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղ մեկնող ՄԱԿ-ի առաքելությունը գնահատելու է տարածաշրջանի բնակիչների հումանիտար կարիքները՝ ինչպես նրանց, ովքեր որոշելու են մնալ իրենց տներում, այնպես էլ նրանց, ովքեր լքում են դրանք։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել տարածաշրջան առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը կմեկնի այս շաբաթվա վերջին»,- ասել է նա:
Դյուժարիկը հավելել է, որ առաքելության կազմում կլինեն ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների ներկայացուցիչներ։ «Մենք 30 տարի մուտք չունեինք Լեռնային Ղարաբաղ։ Ուստի կարևոր է, որ մենք վերջապես կկարողանանք հասնել այնտեղ,- շարունակել է նա։- Մենք Ադրբեջանից օդային ճանապարհով կհասնենք տարածաշրջան։ Տեղում թիմը կգնահատի առկա իրավիճակը և կորոշի ինչպես տարածաշրջանում մնացածների, այնպես էլ այն լքողների հումանիտար կարիքները»:
Դյուժարիկը հավելել է, որ չի կարող հստակեցնել, թե որքան ժամանակ ՄԱԿ-ի առաքելությունը կգործի Ղարաբաղում։