
Թուրքական Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերությունը 100 միլիոն դոլար կներդնի Ուկրաինայում երեք նախագծերում, որոնց թվում է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը, որը կավարտվի մեկուկես տարի անց: Այս մասին Կիեւում պաշտպանական արդյունաբերության առաջին միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Baykar-ի գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։
Նա նշել է, որ արտադրությունը կլինի ինքնաբավ, էկոլոգիապես մաքուր եւ փոխշահավետ, քանի որ Ուկրաինան ունի շարժիչների արտադրության եզակի տեխնոլոգիաներ, իսկ Թուրքիան ունի անօդաչու թռչող սարքեր, որոնց վրա տեղադրվում են այդ շարժիչները:
«Մենք նաեւ որոշ խնդիրներ ունենք։ Մատակարարման շղթան, աղբյուրների որոնումը եւ մարդկային կապիտալի զարգացումը պատերազմի հետեւանքների պատճառով, ինչպես նաեւ կարգավորող միջավայրը, հատկապես այն կանոնակարգերը, որոնք կաջակցեն այդ ներդրումներին»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ներկայիս պատերազմը դարձել է անօդաչու թռչող սարքերի պատերազմ, եւ Ուկրաինան այստեղ ունի որոշ առավելություններ։
Նա նշել է, որ աջակցում է Ուկրաինային։
«Նվիրատվությունների ընդհանուր արժեքը կազմում է մինչեւ 106 միլիոն դոլար»,-հավելել է Բայրաքթարը: