Մեր հայրն ասում էր. «Ազնիվ լինելը շահեկան է, բայց ազնիվ լինելու համար պետք է շատ ուժեղ լինես»։Մենք բոլորս պետք է ուժեղ լինենք։ Այս մասին երթի սկզբում ասել է ադրբեջանցիների կողմից կալանավորված Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի նախկին պետնախարարի քույրը՝ Մարինա Ալեսը։
Նա կոչ է արել միավորվել եւ շտկել անցյալում թույլ տրված սխալները։
«Այս երթը կազմակերպվել է ոչ Վարդանյանի ընտանիքի կողմից։ Նախաձեռնողներն են ոչ անտարբեր երիտասարդները»,- ընդգծել է Ալեսը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։
Նշենք, որ Երեւանում տեղի է ունենում երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների, որոնց գերեվարել է Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերի էր ընկել ադրբեջանցի զինվորականների ձեռքը։ Նրա դեմ հարուցվել են անհեթեթ եւ շինծու մեղադրանքներ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները սեպտեմբերի 30-ին տեղեկացրել են նաեւ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։ Նշվել է, որ նրա դեմ եւս հարուցվել է քրեական գործ։ Տեղեկացվել է նաեւ ադրբեջանցիների կողմից Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանի եւ Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանի ձերբակալման մասին։