
Երթն սկսում ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից, որպեսզի ցույց տանք, որ Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, ինչպես եւ ողջ հայկականը, խորհրդանշում է կրթությունն ու գիրքը։ Տեղի ունեցողը հանցագործություն է ոչ միայն մարդկության, այլեւ քաղաքակրթության դեմ։ Այս մասին Երեւանում ի աջակցություն Ադրբեջանի գերեվարած Ռուբեն Վարդանյանի եւ այլոց կազմակերպված երթից առաջ ասել է «Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
Նա կոչ է արել համաշխարհային բոլոր առաջնորդներին, ԶԼՄ-ներին եւ մարդու իրավունքների կողմնակիցներին միանալ հայ հանրության պահանջներին եւ հորդորել անհապաղ ազատ արձակել Վարդանյանին եւ մյուս գերեվարվածներին ու Ադրբեջանում անօրինաբար պահվող անձանց։
Հայրապետյանը նշել է, որ երթը շատ կարեւոր է պայքարի ընդհանուր համատեքստում, որը միայն երթով չի սահմանափակվի։
«Վարդանյանը հայի իսկական խորհրդանիշն է։ Նա համարձակ է, մարդասեր, մեկենաս։ Վարդանյանի մասնակցությամբ հիմանդրվել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը, ինչպես նաեւ «Սկոլկովո», «Մատենա» եւ Դիլիջանի միջազգային դպրոցները»,- ավելացրել է նա։
Երթի մասնակիցները ուղղվել են դեպի «Մատենա» դպրոց, Բաղրամյան 6։
Այստեղ նրանք գրել են իրենց մաղթանքները՝ հասցեագրված Վարդանյանին, որոնց հիման վրա կգրվի գիրք։ Գիրքը կհանձնվի Վարդանյանին, երբ նա վերադառնա։
Բոլոր ցանկացողները կարող են այցելել «Մատենա» դպրոց եւ թողնել իրենց մաղթանքները։