
Նյու Դելիում Աֆղանստանի դեսպանությունը հայտարարել է, որ փակվում է կիրակի օրվանից՝ Հնդկաստանում դիվանագիտական և Քաբուլում ճանաչված կառավարության կողմից աջակցության բացակայության պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Բայց այն կշարունակի արտակարգ հյուպատոսական ծառայություններ մատուցել Աֆղանստանի քաղաքացիներին, ասվում է հայտարարության մեջ:
«Ե՛վ անձնակազմի, և՛ մեզ հասանելի ռեսուրսների զգալի կրճատումներ են եղել, ինչն ավելի ու ավելի դժվար է դարձնում գործողությունների շարունակությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Հնդկաստանը չի ճանաչել «Թալիբան» շարժման կառավարությունը, որը Աֆղանստանում իշխանությունը զավթել է 2021 թվականի օգոստոսին։ Երկու տարի առաջ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանն ընդառաջ Հնդկաստանը Քաբուլից տարհանեց սեփական անձնակազմը և այլևս դիվանագիտական ներկայություն չունի այնտեղ:
Աֆղանստանի դեսպանությունը Նյու Դելիում ղեկավարվում է Աֆղանստանի պաշտոնանկ արված նախագահ Աշրաֆ Գանիի նախորդ կառավարության կողմից նշանակված աշխատակիցներով՝ հնդկական իշխանությունների թույլտվությամբ:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկնաբանություն չի եղել, սակայն պաշտոնական ներկայացուցիչն անցած շաբաթ հայտարարել էր, որ Աֆղանստանի դեսպանը լքել է Հնդկաստանը մի քանի ամիս առաջ, իսկ մյուս աֆղան դիվանագետները մեկնել են երրորդ երկրներ՝ ապաստան ստանալուց հետո:
Հայտարարության մեջ Աֆղանստանի դեսպանատունը նշել է, որ կցանկանար համաձայնության գալ Հնդկաստանի կառավարության հետ՝ երաշխավորելու Հնդկաստանում ապրող, աշխատող, սովորող և բիզնեսով զբաղվող աֆղանցիների շահերի պաշտպանությունը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ Հնդկաստանում գրանցված շուրջ 40 հազար փախստականների մոտ մեկ երրորդը կազմում են աֆղանները: Բայց այս ցուցանիշը չի ներառում նրանց, ովքեր գրանցված չեն ՄԱԿ-ում։
Անցյալ տարի Հնդկաստանը օգնություն ուղարկեց Աֆղանստան՝ ներառյալ ցորեն, դեղամիջոցներ, COVID-19 պատվաստանյութեր և ձմեռային հագուստ, որպեսզի օգնի հաղթահարել սննդամթերքի պակասը: