
Մալդիվների ընդդիմության թեկնածու Մուհամեդ Մուիզը, որը Հնդկական օվկիանոսի արշիպելագի և Չինաստանի միջև սերտ կապերի կողմնակից է, շաբաթ օրը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ձայների ավելի քան 53%-ով, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ընտրությունները վերածվել են վիրտուալ հանրաքվեի այն մասին, թե տարածաշրջանային որ տերությունը՝ Հնդկաստանը, թե Չինաստանը, կունենա ամենամեծ ազդեցությունը փոքր երկրում: Մուիզը խոստացել է, որ դուրս կբերի հնդկական զորքերը Մալդիվներից և կհավասարակշռի երկրի առևտրային հարաբերությունները, որոնք, ըստ նրա, հիմնականում ձեռնտու են Հնդկաստանին:
Mihaaru News-ը հայտնել է, որ գործող նախագահ Իբրահիմ Մոհամմեդ Սոլիհը, որը համարվում է հնդկամետ, ստացել է ձայների 46%-ը, իսկ Մուիզը հաղթել է նրան ավելի քան 18 000 ձայնով։
Մուիզը Սոլիհից պահանջել է նախկին նախագահ Աբդուլլա Յամինին բանտից տեղափոխել տնային կալանքի։