
Մեքսիկայի հյուսիսում պատարագի ժամանակ փլուզվել է եկեղեցու տանիքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, վիրավորվել՝ 40-ը, հայտնում են իշխանությունները: Փրկարարներն աշխատել են ողջ գիշեր՝ հուսահատորեն փնտրելով ևս 30 մարդու, որոնք, ենթադրաբար, մնացել են փլատակների տակ, հաղորդում է Reuters-ը:
Սոցցանցերում նկարահանված կադրերը ցույց են տվել փլուզման պահը. Նախ մոխրագույն ծխի սյուներ են օդ բարձրացել, ապա փլուզվել են դեղին աղյուսով արտաքին պատերը:
Ինը մարդ զոհվել է, ևս 40-ը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, իսկ 30-ը համարվում են անհետ կորած, ասել է Տամաուլիպաս նահանգի անվտանգության նախարարության ներկայացուցիչ Խորխե Կուելարը:
Կուելարը շնորհակալություն է հայտնել տեղի գործարարներին՝ փլատակները մաքրելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու համար սարքավորումներ բերելու համար: