
Հյուսիսային Կորեան ԱԷՄԳ-ն անվանել է Վաշինգտոնի «վճարվող շեփորահար»՝ Փհենյանի միջուկային ծրագրերի մասին գործակալության բանաձեւերի առնչությամբ։
Հյուսիսային Կորեայի ատոմային էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը բանաձեւն անվանել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների «դավադրության արդյունք»՝ հայտարարելով, որ Հյուսիսային Կորեայի կարգավիճակը որպես պետության, որը միջուկային զենք ունի, արդեն դարձել է «անշրջելի»։
«Թշնամական ուժերի այս ֆարսը իրենց հանցավոր գործողությունները թաքցնելու նրանց չարամիտ մտադրությունների մերկացումն է, դրանք լուրջ սպառնալիք են ստեղծում միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգին եւ փորձում են արդարացնել իրենց թշնամական քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի հանդեպ»,- ասել է նա, տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Նա նաեւ մեղադրել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիին, որն «առաջատար դեր ունի Հյուսիսային Կորեայի ճնշման մթնոլորտի ստեղծման հարցում՝ անխուսափելի միջուկային փորձարկման մասին ստի տարածմամբ։
Անցած տարի Գրոսին նախազգուշացրել էր, որ երկիրը կարող է վերսկսել միջուկային փորձարկումները 2017-ից հետո առաջին անգամ։ «Եթե ԱԷՄԳ-ն ցանկանում է խուսափել միջազգային քննադատությունից՝ որպես ԱՄՆ-ի կողմից վճարվող շեփորահարի, վատ չէր լինի նվիրվել դժվարությունների լուծմանը, որոնց բախվում է միջազգային հանրությունը»,- ասել է Փհենյանի ներկայացուցիչը՝ նկատի ունենալով ԱՄՆ միջուկային զենքի տարածումը եւ Ճապոնիայի կողմից Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի ջրերի բացթողումը։