
Նախագահ Ջո Բայդենի՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունն ընդունելուց երկու տարի հետո աշխարհը մի կողմ է քաշվել՝ նայելով, թե ինչպես է ծավալվում հայերի նոր ցեղասպանությունը եւ բռնի տեղահանությունը, նշվել է Genocide Watch-ի հրապարակման մեջ։
«Genocide Watch-ը, Լեմկինի ինստիտուտը, Արցախի փրկության կոալիցիան, ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Օկամպոն եւ հայկական կազմակերպությունները նախազգուշացրել էին, որ ցեղասպանությունն Արցախում շարունակվում է 2022-ից։ 2024թ. հունվարի 1-ից Արցախի անկախ հայկական հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը։
Արցախից բռնի տեղահանությունն ու ցեղասպանությունը բազմամյա հակամարտության գագաթնակետը դարձան։ Արցախը 120 000 հայերի հայրենիքն է հինգերորդ դարից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը։ Վանքում գնդակոծության հետեւանքով զոհվեց 16-ամյա Սերգեյ Հովոյանը։ Նրա ծանր վիրավոր 13-ամյա եղբայրը՝ Մկրտիչը, պատմում է, որ երբ ինքն ու իր մայրը հավաքում էին ճամպրուկները, որպեսզի հեռանան, ադրբեջանական ուժերը գնդակոծեցին իրենց տունն ու հետնաբակը՝ սպանելով Սերգեյին եւ 67-ամյա հարեւան Մելսիկին։
Ադրբեջանը միտումնավոր գնդակոծում է քաղաքացիական քաղաքները։ Սա ռազմական հանցագործություն է (ՄՔԴ ստատուտ, հոդված 8 (2b(i))։ Երբ սկսվեց գնդակոծությունը, Սառնաղբյուրում էր գտնվում կանանց եւ երեխաների խումբը։ Նրանց տունը ենթարկվեց ռմբակոծության, ինչի հետեւանքով զոհվեցին հինգ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեք երեխա։ Երկու երեխա անհետ կորած է, եւ նրանց ծնողները չեն կարողանում գտնել նրանց մարմինները։ Յոթնամյա Ռուզան Հայրապետյանը, նրա եղբայրն ու քույրը վիրավորվել են։ Սառնաղբյուրը անտառապատ գյուղ է եւ հեռու է ռազմական օբյեկտներից։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորենը ասել էր. «Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ տեղի բնակչության բռնի տեղահանման համար»։ Բայց բռնի տեղահանումը հենց այն է, ինչ տեղի է ունենում։ Հարկադիր տեղահանումը հանցագործություն է մարդկության դեմ (ստատուտ ՄՔԴ (հոդված 7 (1d)։ Ավելի քան 100 000 մարդ արդեն փախել է Արցախից, իսկ մնացած հայ բնակչությունը փորձում է հեռանալ այնտեղից։
Ադրբեջանական քարոզչությունը դեմոնացնում է հայերին։ Ադրբեջանցի դպրոցականների դասագրքերում հայերը պատկերվում են որպես չար, ագրեսիվ թշնամիներ։ Բաքվի պետական համալսարանի սլավոնական երկրների պատմության ամբիոնի վարիչ Թոֆիկ Վելիեւը պնդում է, որ հայերի «ստույգ» նկարագրման համար անհրաժեշտ են բացասական արտահայտություններ։
Ադբեջանը ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը։ Ադրբեջանցի պատմաբանները եւ պետական ԶԼՄ-ները կեղծ պնդում են, որ Հայաստանը եւ Արցախը պատմական թյուրքական հողեր են։ Ադրբեջանը մշտապես ոչնչացնում է հայկական քրիստոնեական եկեղեցիներն ու սրբատեղիները։
Իր հաղթական ելույթում Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ հայերի համար կերաշխավորվեն իրավունքներ Ադրբեջանում։ Իրականում ադրբեջանցի զինվորականներն արդեն սկսել են վիդեոներ տարածել, որոնցում նրանք գնդակահարում եւ սպանում են հայերին։
Հարյուրավոր փաստագրված ռազմական հանցագործություններ ապացուցում են, որ հայերն անվտանգ չեն լինի Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներքո։ Ադրբեջանական ուժերը պահում են տարհանվածներին եւ արդեն կալանավորել են նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը չեն կարողանում ձեւացնել, թե չգիտեն Ադրբեջանի բռնի տեղահանման եւ ցեղասպանության մասին Արցախում։
Առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն եւ Եվրոպան չեն կարողացել կանգնեցնել հայերի ցեղասպանությունը, ինչպես դա տեղի ունեցավ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչպես 1994թ. Ռուանդայի ցեղասպանության ժամանակ էր։
Ցավոք, Սերգեյը միակ երեխան չէ, որը զոհվել է այս շաբաթ կատարված հարձակումից։ Վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհվել է 68 մարդ, որոնք հերթի մեջ էին, որպեսզի լիցքավորեն իրենց մեքենաները Արցախից փախչելու համար։
Արցախահայերը տասն ամիս շրջափակված են եղել եւ մատնվել են սովի։ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերն այցելել է Հայաստան այս շաբաթ, որպեսզի աջակցություն հայտնի Հայաստանի ինքնիշխանությանը։ Բայց նա չափազանց ուշ է եկել բեռներն Արցախ հասցնելու համար օդով, ինչը պահանջում էին Genocide Watch-ը եւ Արցախի փրկության կոալիցիան 2022 թվականից։
Հայաստանը մասշտաբային օգնության կարիք ունի, որպեսզի օգնի ավելի քան 100 000 արցախցի փախստականներին։ Հայաստանին հարկավոր են ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի երաշխիքները, որ նա անվտանգ կլինի ադրբեջանական նոր ագրեսիայից»։