
Հունգարիան ծրագրում է վաճառել ոչ ռազմավարական ակտիվներ՝ մասնակիորեն ֆինանսավորելու Բուդապեշտի օդանավակայանի ձեռքբերումը, լրագրողներին ասել է տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նագին, փոխանցում է Reuters-ը։
Ֆինանսավորման փաթեթը կարող է ներառել նաև բյուջետային միջոցներ և գումար Զարգացման բանկից, ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունն ակնկալում է, որ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։ Նա չի հստակեցրել, թե ինչ ակտիվներ կարող է վաճառել կառավարությունը։
2010 թվականին վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանության գալուց ի վեր, նրա կառավարությունը մեծացրել է Հունգարիայի ազդեցությունը էներգետիկայի, բանկային, հեռահաղորդակցության և լրատվամիջոցների ոլորտներում: Նա տարիներ շարունակ ծրագրում էր գնել օդանավակայանը և 2021 թվականին ներկայացրել է ոչ պարտադիր առաջարկ, սակայն գործընթացը հետագայում դադարեցվել է՝ համաշխարհային ֆինանսական շուկաներում բարձր գնաճի և անկայունության պատճառով:
Անցյալ ամիս կառավարությունը նոր պաշտոնական հայտ է ներկայացրել Բուդապեշտի օդանավակայանի բաժնետոմսերի մեծամասնության համար, միաժամանակ բանակցություններ են ընթանում օդանավակայանների մի քանի օպերատորների հետ, որոնցից մեկը գտնվում է Քաթարում՝ միանալու որպես մինորիտար գործընկեր: