
Սկսելով գիտակցել օկուպացված Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտագաղթի բոլոր բացասական հետևանքները՝ Բաքուն սկսեց մտածել, թե ինչպես հակազդել դրան և ինչպես ստիպել Երևանին լռել։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը թուրքական gdh.digital պարբերականին հայտնել է, որ հայ բնակիչների հեռանալն իրենց որոշումն է։ Նրանք կարող են վերադառնալ, «մեծահոգաբար» առաջարկել է Էլչին Ամիրբեկովը։
«Մենք խրախուսեցինք նրանց մնալ և դառնալ բազմազգ Ադրբեջանի մաս: Տեսեք, թե ինչ են արել Ադրբեջանի պաշտոնյաները վերջին մի քանի օրերին՝ մենք տարբեր մարդասիրական օգնություն ենք տրամադրել, դեղորայք, հրշեջ մեքենաներ։ Մենք ապահովել ենք շուրջօրյա էլեկտրամատակարարում»,- վստահեցրել է Ամիրբեկովը։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը լռել է այն մասին, որ «օգնության» ուղարկմանը նախորդել է բազմամսյա շրջափակում, իսկ դատարկ Լեռնային Ղարաբաղ «օգնություն ուղարկելը» համընկնում է ՄԱԿ-ի առաքելություն այցի հետ, որով բառիս բուն իմաստով ուզում են թոզ փչել այն կառույցի պաշտոնյաների աչքերին, որը մատը մատին չի տվել Լեռնային Ղարաբաղի հայերին փրկելու համար:
«Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն պնդումները Ղարաբաղում «էթնիկ զտումներ» իրականացնելու վերաբերյալ։ Փաշինյանը ոչ միայն հակասում է սեպտեմբերի 21-ի իր հայտարարություններին, թե Ադրբեջանը վտանգ չի ներկայացնում տեղի հայերի համար, այն նաև փորձում է խափանել հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու Ադրբեջանի ջանքերը և նրանց վերաինտեգրման գործընթացը: Սա նաև խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հավանականությունը»,- ասել է Ամիրբեկովը։
Այդպիսով, Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել Երևանին՝ պահանջելով լռել խնդրի մասին։