
Եվրամիությունը «կրիտիկական պահ» է ապրում այն բանից հետո, երբ քաղաքական տեղաշարժերը ԱՄՆ-ում և Սլովակիայում սպառնալիքի տակ են դնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանսբերգիսը Կիևում ԵՄ անդամների հանդիպման շրջանակում, հայտնում է CNN-ը։
Ավելի վաղ ամերիկացի օրենսդիրները որոշել էին չներառել Ուկրաինային 6 միլիարդ դոլարի օգնության խնդրանքը ժամանակավոր օրինագծում, որը նախատեսված էր կառավարության աշխատանքների դադարեցումից խուսափելու համար:
Միաժամանակ, Սլովակիայի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Ֆիկոն հանդես է եկել Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման և ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի հայտի արգելափակման օգտին:
Ըստ Լանսբերգիսի՝ անցած հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները «կարող են կասկածներ սերմանել» դաշինքի՝ Ուկրաինային աջակցության վերաբերյալ։ «Բրյուսելից, Վաշինգտոնից կամ այլ վայրերից ուղարկված բազմաթիվ հաղորդագրություններ կարող են կասկածներ սերմանել մեր մտադրությունների լրջության վերաբերյալ։ Եվ ես հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կարող է շտկել դա և ուղարկել շատ հստակ, բյուրեղյա հստակ ազդանշան, որ Եվրոպան լինելու է Ուկրաինայի հետ մինչև հաղթանակ», - ասել է Լանսբերգիսը։
Կիևին իրենց աջակցությունը հաստատել են նաև Ֆրանսիայի, Իռլանդիայի և Ռումինիայի արտգործնախարարները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան նախազգուշացրել է Ռուսաստանին, որ հույս չունենա, որ ԵՄ երկրները «հոգնել» են Ուկրաինային իրենց աջակցությունից։
Նրա ռումինացի գործընկեր Լումինիտա Օդոբեսկուն ասել է, որ երկիրը կաջակցի Ուկրաինային հացահատիկի արտահանման հարցում և ընդգծել է պատերազմի վնասակար ազդեցությունը համաշխարհային պարենային անվտանգության վրա:
Իսկ Իռլանդիայի արտգործնախարար Միշել Մարտինը հույս է հայտնել, որ ԵՄ պաշտոնյաները կգտնեն «կայուն մոտեցում երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու համար»: