News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի են ունեցել Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի» (ԳՐԵԿՈ) գնահատող թիմի  քննարկումները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են արդարադատության նախարարությունից: 

ԳՐԵԿՈ-ի կողմից ՀՀ գնահատման 5-րդ փուլը մեկնարկել է դեռևս 2022 թ. դեկտեմբերից, որի շրջանակում ուսումնասիրվում և գնահատվում է վարչապետի և վերջինիս խորհրդականների, փոխվարչապետների և վերջիններիս խորհրդականների, նախարարների և վերջիններիս խորհրդականների, նախարարների տեղակալների, ինչպես նաև ոստիկանության ողջ համակարգի առնչությամբ առկա կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության, ներառյալ կոռուպցիոն դեպքերի քննության ողջ համակարգի կառուցակարգերը՝ օրենսդրական և իրավակիրառ մակարդակում, ինչպես նաև՝ այդ կապակցությամբ ընկալումները հասարակության և ԶԼՄ շրջանակներում:

ԳՐԵԿՈ-ի կողմից 5-րդ փուլի շրջանակում ՀՀ գնահատման զեկույցը կընդունվի 2023 թ. մարտին ԳՐԵԿՈ-ի լիագումար նիստին և կտրվեն հանձնառություններ: Այնուհետև ԳՐԵԿՈ-ին տարեկան կտրվածքով հաշվետվություն է ներկայացվելու տրված հանձնառությունների կատարման վերաբերյալ: Հանձնառությունների կատարման գործընթացն իրականացվելու է տարեկան կտրվածքով՝ այնքան ժամանակ, մինչև ԳՐԵԿՈ-ն համարի, որ պարտավորությունները բավարար չափով կատարված են:

Այցի շրջանակներում ԳՐԵԿՈ-ի գնահատող թիմը հանդիպումներ է ունեցել վերոնշյալ պետական պաշտոնյաների հետ: ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել փակ հանդիպում՝ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակում ՀՀ-ին գնահատելու համար:

Տպել
Ամենաշատ