
Ադրբեջանն ու Վրաստանը վավերացրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիրը
Միլի Մեջլիսն այսօր վավերացրել է ադրբեջանա-վրացական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Փաստաթուղթն ուղղված է ռազմական ոլորտում համագործակցության խրախուսմանը, ինչպես նաև գործընկերության գործնական շրջանակի սահմանմանն՝ այս ոլորտում երկկողմ ծրագրերի իրականացման գործում։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ռազմական կրթության ոլորտում, անցկացնել համատեղ վերապատրաստումներ և վարժանքներ, փոխգործակցել խաղաղապահ և հումանիտար գործողություններում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի Գործընկերության, սպառազինությունների վերահսկման և զինաթափման ծրագրի շրջանակներում։
Ադրբեջանն ու Վրաստանը մտադիր են զարգացնել համագործակցությունը քաղաքացիական-ռազմական ոլորտում, կիբերանվտանգության, ռազմական քարտեզագրության, ռազմաբժշկական ծառայությունների, հումանիտար ականազերծման և այլն:
Փաստաթուղթը ստորագրվել է այս տարվա ապրիլին։ Վրաստանի խորհրդարանը համաձայնագիրը վավերացրել է հունիսի 13-ին։