
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարին։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախկին նախարար Վարդինե Օհանյանը եւ Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել սոցիալական ոլորտում Հայաստանի հետ գործակցության համար:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը, որի արդյունքում հայաթափվեց Արցախը։ Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ ընդգծել է, որ բռնի տեղահանված արցախահայությունը հայտնվել է սոցիալական ծանր կացության մեջ։ Ստեղծված այս իրավիճակում Հայոց Հայրապետը հատկապես կարեւորել է տեղահանված հայորդիների կեցության, կրթական խնդիրների, աշխատանքի ապահովման առաջնահերթությունները։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշել է, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների, ցավի ու նեղությունների մեջ հայտնված արցախահայությանը, եւ հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով Ադրբեջանի կողմից հայկական հոգեւոր, մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի մասին, կարեւորել է հետեւողական ջանքերի ներդրումը դրանց պահպանման գործում։
Հայոց Հովվապետն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի իշխանություններին եւ ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու եւ Հայաստանին մշտապես աջակցելու համար։
Իր հերթին նախարար Հեկտոր Հաջջարը ընդգծել է, որ Լիբանանը եւս անցել է նմանատիպ մարտահրավերների միջով եւ պատկերացնում է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները։
Պարոն Հաջջարը տեղեկացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր այցը նպատակ է հետապնդում ծանոթանալու Արցախից բռնի տեղահանված հայերի սոցիալական խնդիրներին եւ հնարավորինս աջակցելու դրանց հաղթահարմանը։