
Լեռնային Ղարաբաղից հայերի գրեթե լիակատար արտագաղթից մոտ 24 ժամ անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հրապարակեց հայերի «վերաինտեգրման» ծրագիրը։ Փաստաթուղթը բաղկացած է հինգ կետից. հինգից առաջին կետում հեղինակներն ընդգծում են, որ հայերի «վերաինտեգրումը» տեղի կունենա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»։
Բաքվի հրապարակած պլանի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ամբողջությամբ զինաթափվեն, իսկ տեղում հասարակական կարգի պահպանությունը կիրականացնի ադրբեջանական ոստիկանությունը։ «Տեղի բնակչությունը կարող է ներգրավվել ներքին գործերի մարմինների աշխատանքում»,- նշվում է փաստաթղթում։ Փաստաթղթի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը կառավարվելու է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների միջոցով։ Բացի այդ, Ղարաբաղում «ընտրությունների միջոցով կձևավորվեն ՏԻՄ մարմիններ»։
Տնտեսական ոլորտում Ղարաբաղը ներառված է մանաթի գոտում, գյուղացիները կարող են ազատվել բոլոր հարկերից, բացի հողի հարկից։ Ինչ վերաբերում է լեզվական քաղաքականությանը, ապա, դատելով հրապարակված փաստաթղթից, հայոց լեզուն Լեռնային Ղարաբաղում հատուկ կարգավիճակ չի ունենա։ «Պայմաններ կստեղծվեն հայոց լեզվի օգտագործման համար»,-այս ամենը գրված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հրապարակած փաստաթղթում։
Պաշտոնական Բաքվի հրապարակած փաստաթուղթը չի պատասխանում հիմնական հարցին՝ ո՞ւմ համար է այն նախատեսված, եթե Լեռնային Ղարաբաղի տարածքում հայեր գրեթե չեն մնացել։