
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծել է, որ ուխտավորներն ամենայն հայոց հոգևոր կենտրոն են ժամանել իրենց ուխտը Սուրբ Էջմիածնում նորոգելու և իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին։
Իր սերն ու օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս դժվարին ժամանակաշրջանում, ինչը հնարավորություն է ընձեռնում հաղորդ դառնալու Հայաստանի և բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Մայր Աթոռի կողմից Արցախից բռնի տեղահանված հայորդիներին ցուցաբերվող աջակցության և Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին։
Նորին Սրբությունը, կարևորելով Սփյուռքի դերակատարությունը, հորդորել է ԱՄՆ-ի հայ ուխտավորներին իրենց երկրում բարձրաձայնելու Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրը և հետևողական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատգամել է ուխտավորներին զորակից լինել Հայաստանին, հայրենազրկված արցախցիներին և ջանք ու ճիգ չխնայել ի նպաստ հայրենիքի շենացման ու զորացման։