Այն ամենի թիրախը, ինչ Ադրբեջանը վերջին շրջանում արել է Արցախում, հենց Ռուսաստանն էր։ Ադրբեջանն իր վերջին գործողություններով մի քանի ապտակ հասցրեց Ռուսաստանին։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Առաջին հերթին, Ադրբեջանը պետք է օգտվեր ստեղծված իրավիճակից և փորձեր հասնել նրան, որ ռուս խաղաղապահները դուրս բերվեն Արցախից»,- նշել է նա։
Կիվիրյանը հիշեցրեց, որ մինչ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան սկսելը, Պուտինը Վլադիվոստոկում ասել էր, որ Ռուսաստանը պետք է ապահովի Արցախի խաղաղ բնակչության անվտանգությունը։ Բաքուն իր գործողություններով ձգտում էր ցույց տալ, որ Ռուսաստանը չի կարող դա անել, կարծում է փորձագետը։
Ավելին, ադրբեջանցիները գնդակահարեցին նաեւ ռուս խաղաղապահներին, այդ թվում՝ հրամանատարի տեղակալին։
«Ռուբեն Վարդանյանի և մյուսների ձերբակալությունը նույնպես լուրջ ապտակ էր Մոսկվային, քանի որ բոլորը նրան ընկալում են որպես ռուս օլիգարխ, չնայած նրան, որ նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։
Արցախում մնացել են մարդիկ, ովքեր 44-օրյա պատերազմից հետո բանակցել են ռուսական համապատասխան ծառայությունների հետ։ Հարցի բարոյական կողմից բացի, ադրբեջանցիները կարող են Արցախի կալանավորված ղեկավարներից ստանալ տեղեկություններ, որոնք նախկինում նրանց հայտնել էր Ռուսաստանը, որոնց մասին Ադրբեջանը կարող էր տեղյակ չլինել։ Ընդ որում, այս ամենի դիմաց Բաքուն կարող է Մոսկվայից հաղթաթղթեր ստանալ, որոնք կօգտագործի հայերի դեմ»,- հավելեց վերլուծաբանը։