News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

«Медуза»-ն զրուցել է բրիտանացի քաղաքագետ եւ «Չաթեմ-հաուսի» փորձագետ Լոուրենս Բրոերսի հետ, որն ավելի քան 20 տարի ուսումնասիրում է Հարավային Կովկասի խնդիրները, գիրք է գրել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին եւ ինքն էլ մասնակցել է խաղաղապահ նախաձեռնություններին Conciliation Resources կազմակերպության հետ միասին, Արցախի եւ հայ-ադրբեջանական հակամարտության մասին։

Ի՞նչ եք կարծում, ինչպես կզարգանա իրավիճակն Արցախում այսուհետ։

Մենք տեսնում ենք մարդկանց զանգվածային արտագաղթը Լաչինի միջանցքով դեպի Հայաստանի հարավ։ Արդեն հեռացել է Արցախի հայ բնակչության մեծ մասը, եւ այդ արտագաղթը կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչեւ որ այլեւս ոչ ոք չմնա։ Կարծում եմ՝ շատ քիչ մարդիկ [Արցախի հայերից], որոնք անցել են ինն ամսվա շրջափակման եւ այս պատերազմի միջով (էլ չեմ ասում այն ամենի մասին, ինչ եղել է այս տարածաշրջանի պատմության մեջ), կարող են պատկերացնել,  որ Ադրբեջանի իշխանության օրոք կկարողանան այնտեղ անվտանգ ապրել, որքան էլ որ սա տխուր է։

Կարծում եմ՝  գրեթե կասկած չկա, որ մենք տեսանք Արցախի վերջն այնպես, ինչպես մենք այն գիտեինք։ Մենք տեսանք, թե ինչպես խորտակվեցին հայերի ինքնորոշման հույսերը։ Հիմա հարցն այն է, թե արդյոք կպահպանվի այնտեղ գոնե ինչ-որ հայկական ներկայություն։

Մեր աչքերի առջեւ ավարտվում է Արցախի սեցեսիոնիզմի պատմությունը։ Բայց պարտադիր չէ, որ ընդմիշտ ավարտվի ղարաբաղյան հակամարտությունը. հավանաբար, ապագայում Հայաստանի ներսում կարող է ձեւավորվել արցախահայերի սփյուռք, եւ նրա առաջին սերունդը դեռ կարող է կոտրված լինել կատարվածից, բայց երկրորդ եւ երրորդ սերունդները կարող են համախմբվել եւ ձեւավորել հիշողության հատուկ հանրույթ, որի կենտրոնում կլինեն այսօրվա տրավմատիկ իրադարձությունները։

Ինչ վերաբերում է  Արցախի վերինտեգրմանը [Ադրբեջանին], դա առայժմ անհայտ մեծություն է։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք [այս տարածքից հեռացած բնակիչները] իրավունք կունենան վերադառնալ [Արցախ], եւ կկարողանան արդյոք մարդիկ օգտվել դրանից։ Եվ իհարկե, արցախահայերի համար շատ կարեւոր հարց է, այս առնչությամբ, անվտանգության երաշխիքների հարցը։

Հիպոթետիկորեն ինչպե՞ս կարող է լինել «վերինտեգրումը», եւ անվտանգության ի՞նչ երաշխիքներ պատրաստ կլինի տրամադրել Ադրբեջանը։

Այժմ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրավունքները, որոնք կստանան արցախահայերը, կլինեն այնպիսին, ինչպիսին Ադրբեջանի այլ փոքրամասնություններինը։ Դա ենթադրում է, օրինակ, մայրենի լեզվի օգտագործում կրթության մեջ, դավանանքի ազատություն, գուցե ԶԼՄ-ի աշխատանք մայրենի լեզվով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության իրավունք։ Նրանք առայժմ ուրվագծում են նման սցենար։ Բացի այդ, կնախատեսվեն [Արցախ] մուտքի եւ ելքի տարբեր իրավունքներ հայերի համար, որոնք ծնվել են Արցախում, եւ նրանց համար, ովքեր վաղուց տեղափոխվել են շրջան (եթե խոսելու լինենք այն մասին, թե ինչ պաշտոնական առաջարկներ կարող են լինել Ադրբեջանի կողմից)։

Միակ արտաքին երաշխավորը, որի մասնակցությանը կարող էր համաձայնել Ադրբեջանը, Ռուսաստանն է։ Եվ այստեղ կա երկու կարեւոր խնդիր։

Առաջին՝ Ռուսաստանը կորցրել է վստահության քվեն ոպես անվտանգության երաշխավորի հայերի համար։ Դա երկարատեւ գրոծընթաց էր, որն սկսվել է առնվազն 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակից։

Բայց կա նաեւ երկրորդ խնդիրը՝ 2025 թվականը։ 2020թ. խաղաղության համաձայնագրի պայմաններով՝ 2025թ. Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշեն, թե երկարացնեն արդյոք ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը եւս հինգ տարով։ Իսկ դա այն չէ, ինչ կուզենար Ադրբեջանը։ Ռուս խաղաղապահների տեղակայումը 2020թ. ըստ էության այն գինն էր, որն Ադրբեջանը վճարեց այն բանի համար, որպեսզի կոնսոլիդացնի իր բոլոր ձեռքբերումները, որոնք ստացել էր այդ պատերազմի ընթացքում։ Ադրբեջանում քաղաքականապես կոռեկտ է  Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խոսել միայն ժամանակավոր առումով։

Այնպես որ, ես մտածում եմ, որ 2025թ. մայիսին, երբ այդ որոշումն ընդունվի, Ադրբեջանը կձգտի կամ քաղաքավարի մերժել Ռուսաստանին (եւ դա նրա համար լավագույն սցենարը կլինի), կամ արմատապես կրճատել ռուսական խաաղաղապահ առաքելությունը, այնպես, օրինակ, որ մնա ոչ մեծ մոնիթորինգային խումբ, որը կհետեւեր մնացած հայերի ինտեգրմանը։ Կարծում եմ՝ դա թույլ կտար Ռուսաստանին պահպանել դեմքը, բայց նման սցերարն անհրաժեշտ է, որպեսզի Արցախում, այնուամենայնիվ, պահպանվի հայերի զգալի ներկայություն, իսկ դրա ակնկալիքը հազիվ թե հնարավոր է։

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Ռուսաստանը կկարողանա ազդել այդ խնդրի լուծման վրա 2025թ.։ Արդյո՞ք նա ինչ-որ լծակներ ունի, թե՞ պարզապես ստիպված կլինի համաձայնել այն որոշման հետ, որը կընդունի Ադրբեջանը։

Կարծում եմ՝ շատ հետաքրքիր հարց է, բայց դրան ստույգ պատասխան տալը շատ դժվար է։ Մենք տեսանք, թե ինչպես 2020թ. նոյեմբերին Ռուսաստանը փորձեց հեգեմոնիա հաստատել տարածաշրջանում. միջնորդ հանդես եկավ հրադադարի կնքման համար, եւ դա համարյա թե միակ նշանակալի փաստաթուղթն էր, որն ստորագրեցին Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության տարիների ընթացքում։ Եվ վերջապես, Ռուսաստանը Արցախում տեղակայեց իր զինված ուժերը։ Բայց արդեն 2021թ. մայիսից մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է վիճարկել ռուսական հեգեմոնիան, եւ այդ փորձերը, իհարկե, միայն ուժեղացան Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմն սկսվելուց հետո։ Ուկրաինա ներխուժումն սկսելով՝ Ռուսաստանն ինչ-որ իմաստով ինքն իրեն հանեց Արցախից. եւ՛ ֆիզիկապես՝ զինվորականների թվաքանակի եւ փորձառության իմաստով, որոնք գործուղվեցին խաղաղապահ առաքելություն, եւ որ ավելի կարեւոր է, նաեւ իր հեղինակության առումով։

Այնպես որ, մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանը կամաց-կամաց վերանայեց [2020թ.] խաղաղության համաձայնագիրը եւ, կարելի է անգամ ասել, մեթոդաբար փլուզեց այն։ Իսկ Ուկրաինայի հետ պատերազմի ֆոնին Ադրբեջանի հետ հարաբերությունները սկսեցին շատ ավելի մեծ նշանակություն ունենալ Ռուսաստանի համար։ Ադրբեջանը կապերի շղթայի կարեւորագույն օղակներից մեկն է, որոնք Ռուսաաստանը դեռ պահպանում է մնացյալ աշխարհի հետ։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը Թուրքիայի կարեւոր դաշնակիցն է, իսկ Թուրքիան, իր հերթին, հսկայական դեր է խաղում Ուկրաինայի հետ Ռուսաստանի հակամարտությունում։ Այնպես որ, Ռուսաստանը պարզապես մանեւրելու տարածք չունի, նա չի կարող թույլ տալ իրեն վիճել Ադրբեջանի հետ կամ նրան թելադրել իր կանոնները։ Գնդակն այժմ այլ կողմում է, եւ Ադրբեջանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի հասնելու նրան, ինչն իսկապես ուզում է՝ բացարձակ, ոչ մեկի կողմից չվիճարկվող ինքնիշխանություն Ղարաբաղի հանդեպ։

- Եկեք անցնենք Արեւմուտքի դերին ղարաբաղյան հակամարտությունում։ Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանն սկսեց գնդակոծել Արցախը, տարածաշրջանի գծով մասնագետ, լրագրող Թոմաս դե Վաալը այդ օրն անվանեց «ահավոր արեւմտյան դիվանագիտության համար»։ Դուք համաձա՞յն եք նրա հետ։

- Հայրենիքից բնիկ ժողովրդի զանգվածային արտագաղթը դիվանագետների աղետալի ձախողում է՝ որտեղ էլ որ լինի։ Պատասխանելով ձեր հարցին՝ կարեւոր է հասկանալ, որ ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ շերտեր ունի, այն ծավալվել է տարբեր մակարդակներում։ Այժմ մենք տեսանք, թե ինչպես ամեն բան խորտակվեց միջպետական մակարդակով։ Վերջին երեք տարիներին Երեւանի եւ Բաքվի միջպետական բանակցություններն ակտիվացան։ Այնտեղ երկու մրցակցող ուղղություն կար՝ ռուսական եւ եվրատլանտյան։ Եվ այո, [ներկա իրավիճակը] խիստ անմիանշանակ արդյունք է Եվրամիության համար։

ԵՄ-ն այս հակամարտությունում իր միջնորդության մեջ ներդրել է սեփական որոշակի քաղաքական կապիտալ։ Սկզբում ԵՄ մասնակցությունը վատ չէին ընդունում. հիշում եմ՝ մի ադրբեջանցի պաշտոնյա ինձ ասաց. «Եվրամիությունը վեց ամսում կարողացավ ավելիին հասնել, քան Մինսկի խումբը 25 տարում»։ Ես կարծում եմ, որ Եվրամիությունը կարողացավ բավական հաջող կառուցել բանակցային օրակարգը։ Բայց կար պակասող կարեւորագույն  կտոր՝ միջպետական մակարդակով բանակցությունները Բաքվի եւ Ստեփանակերտ/Խանքենդիի միջեւ։ Այդ երկխոսությունը շատ է քննարկվել. խոսվել է միջազգային մեխանիզմի մասին, որը կլիներ թափանցիկ համաշխարհային հանրության համար։ Երեւում էր, որ [Եվրամիությունը] նախաձեռնում է ինչ-որ գործողություններ, որպեսզի ապահովի միջնորդությունը նաեւ այդ բանակցություններում։ Բայց այդ ամենը հետեւողականորեն մերժում էր Ադրբեջանը, որն ընդգծում էր, որ դա իր ներքին գործն է, եւ ոչ մի արտաքին միջամտություն չի հանդուրժի։

Եթե խոսելու լինենք միջազգային հանրության ձախողման մասին ավելի լայն իմաստով, ապա դուք բոլորդ այս ամենը լավ գիտեք. այդ գրեթե երգիծական հայտարարությունները, որոնք անում են միջազգային ակտորները եւ կազմակերպությունները «դեմքի մտահոգ արտահայտությամբ», «խոր անհանգստությամբ»,, «տագնապով» եւ այլլն։ Բացի այդ, ես կարծում եմ, որ Արցախում զարգացող իրադարձությունները (ոչ միայն այժմ, այլեւ ընդհանուր առմամբ վերջին տարիներին) ցույց տվեցին, որ Եվրամիությունը ինքն այդպես էլ չկողմնորոշվեց, թե որն է լինելու իր դերը, ինչի է ձգտելու, ինչպես են նրա քաղաքականության տարբեր ոլորտները համադրվելու միմյանց միջեւ։

- Դուք հիշատակեցիք բանակցությունները Բաքու-Ստեփանակերտ մակարդակում՝ դրանց բացակայությունն անվանելով այդ փազլի պակասող կտոր։ Կարելի՞ է արդյոք ասել, որ ոչ Եվրամիությունը, ոչ Ռուսաստանը չկարողացան համոզել կամ պարտադրել Ադրբեջանին նման բանակցություններ վարել։

- Բայց շփումներ կային, չէ՞։ Այս տարվա մարտին եղել էր հանդիպում, ակտիվորեն քննարկվել էր, թե ինչպես կարելի է կարգավորել շրջափակման հետ կապված ճգնաժամը, որի մասին այժմ լրիվ մոռացել են։ Իմ զգացողությամբ՝ Եվրամիության եւ [ԱՄՆ] պետդեպարտամենտի պաշտոնյաները շատ ակտիվ էին ներգրավված, որպեսզի հաստատեն այդ կապերը։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նրանք չփորձեցին, նրանք ամեն ինչ արեցին, ինչ կարող էին, որպեսզի հնարավորություն ստեղծեն դիվանագիտական կարգավորման համար։ Դա պետք է խոստովանել։

Բայց կա մի բան, որի մասին հաճախ են խոսում՝ ԵՄ բանակցային ուժի անբավարարությունը։ Նա կարող էր ավելի մեծ ճնշում գործադրել, տնտեսական ոլորտում ԵՄ-ն բավական ուժեղ լծակներ ունի։ Եվրամիությանը հաճախ են քննադատում այն բանի համար, որ նա չի օգտագործում դրանք։ Կարծում եմ՝ դա կապված է մի քանի գործոննների հետ։ Նախ եւ առաջ՝ ԵՄ-ն հավաքական ակտոր է. անդամ երկրները կարող են տարբեր հարաբերություններ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Բացի այդ, զգացողություն կա, որ Եվրամիությունը դեռեւս չի ցանկանում դառնալ «կոշտ ուժի» միջազգային ակտոր, այլ նախընտրում է իրեն տեսնել «փափուկ» ակտորի դերում, այսինքն՝ խթաններ է ստեղծում, որոնք [այլ երկրների] կստիպեին կատարել իրենց պարտավորությունները եւ աջակցել խաղաղությանը։

Ինձ թվում է, որ Հարավային Կովկասի պարագայում այդ մոտեցումը բախվել է միանգամայն այլ համատեքստի՝ «կոշտ ուժի»։ Դա խիստ տարբերվում է Ուկրաինայի կամ Մոլդովայի դեպքից, այն իմաստով, որ այդ պետությունները ձգտում են դառնալ ԵՄ անդամ եւ համապատասխան պարտավորություններ են ստանձնում։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում ամեն բան միանգամայն այլ է, նրանց վրա չի կարելի ազդել [Եվրամիության համար սովորական] նույն լծակներով։ Արդյունքում՝ գերտերությունը [Եվրամիությունը], որը ձգտում է խաղի կանոններ ստեղծել, հայտնվել է իր հնարավորությունների եզրագծին։ Ռուսաստանը նույնպես հայտնվել է իր հնարավորությունների եզրագծին այս տարածաշրջանում, չնայած այլ ճանապարհով։ Նույնն է նաեւ Թուրքիայի եւ Իրանի պարագայում։ Եվ այդ ամենը ստեղծում է գերֆրագմենտավորված իրավիճակ, որտեղ շատ դժվար է կայունության հասնել։

- Շատ մեկնաբաններ ԵՄ դիրքորոշումն այս հակամարտությունում բացատրում են նրա էներգետիկ քաղաքականության շահերով, պարզ ասած՝ Եվրոպային պետք է ադրբեջանական գազը, դրա համար նա «նրա կողմից է»։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

- Իմ կարծիքով՝ Ադրբեջանի դերը Եվրոպա գազի ներկայիս մատակարարումներում հաճախ չափազանցվում է։ Այն այդքան էլ մեծ չէ։ Ես էներգետիկայի ոլորտի փորձագետ չեմ, բայց եթե ճիշտ եմ հիշում, ապա Ադրբեջանին բաժին է ընկնում ներմուծվող գազի դեֆիցիտի մոտ 10 տոկոսը, որն առաջ եկավ այն բանից հետո, երբ դադարեցվեց Ռուսաստանից մատակարարումների մեծ մասը։ Այնպես որ, այս ասպեկտին չարդարացված մեծ ուշադրություն է հատկացվում։

Այստեղ նաեւ այլ հարցեր կան. դա նաեւ առեւտուրն է Ադրբեջանի հետ ավելի լայն իմաստով (ոչ միայն գազ, այլեւ նավթ), նրա դերը տարանցման հարցում, TAP եւ TANAP խողովակաշարերը։ Սա հատկապես կարեւոր է հարավարեւելյան Եվրոպայի երկրների համար, որտեղ Ադրբեջանը մի քանի ռազմավարական գործընկերություն է կնքել ԵՄ անդամ երկրների հետ։ Բացի այդ, Ադրբեջանը շատերի կողմից ընկալվում է որպես ինքնատիպ բաստիոն եւ Արեւմուտքի դաշնակից Իրանի հետ հարաբերություններում։

Վերջապես, նշանակություն ունի նաեւ այն, թե ինչպես են շատերն Արեւմուտքում ընկալում Ադրբեջանը, նկատի ունեմ այն, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը հանգեցվում է իր էությանը, Ադրբեջանի դիրքորոշումը հաճախ ընկալման է  արժանանում, հատկապես Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի ֆոնին։ Տարածքային ամբողջականությունը դարձել է բացարձակ գերակա սկզբունք միջազգային հարաբերություններում։ Իսկ ինքնորոշման իրավունքը, որին շատ ավելի մեծ նշանակություն էին տալիս 1990-ականներին, Արցախի եւ Հայաստանի պարագայում այսօր [շատերի] կողմից չի ընկալվում որպես լեգիտիմ փաստարկ։ Ավելացրեք նաեւ հակամարտության բարդ պատմությունը. շատ երկրներում դիվանագետները համակրում են Ադրբեջանին, որովհետեւ համարում են նրան առաջին ղարաբաղյան պատերազմի զոհ։

Գումարած «փափուկ ուժի» բավական արդյունավետ քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանը։ Կարելի է, իհարկե, խոսել «խավիարային դիվանագիտության» եւ այլ լոբբիստական ջանքերի ու ոչ պաշտոնական գործողությունների մասին, բայց կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք, որ Ադրբեջանի հաղորդակցային քաղաքականությունն ավելի արդյունավետ դուրս եկավ։ Այդպես է եղել նաեւ 2020թ. պատերազմի ժամանակ, եւ, ես կասեի, հիմա՝ երկօրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանը հավակնությունների հստակ ցուցակ ուներ, թե ինչ է ուզում, այն դեպքում, երբ Հայաստանից, ասենք, երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, շատ տարբեր ուղերձներ էին հնչում։

Այս բոլոր գործոնների հաշվառմամբ արեւմտյան շատ դիվանագետների համար, իմ կարծիքով, դժվար կլինի Ադրբեջանը համարել «վատ տղա» այս հակամարտությունում, չնայած այն բոլոր սարսափներին, որոնք մենք տեսանք անցած երկու շաբաթում։

- Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի հետ Ռուսաստանի գալիք հարաբերությունների մասին։ Դատելով ըստ ամենայնի՝ Հայաստանը կշարունակի Ռուսաստանից հեռանալու փորձերն այն չափով, որքան հնարավոր է։

- Այդ գործընթացն արդեն վաղուց կա, ընդ որում՝ սկսվել է դեռ մինչեւ 2018թ. հեղափոխությունը։ Դեռ [Հայաստանի նախկին նախագահ] Սերժ Սարգսյանն էր փորձում  պայմանավորվել Եվրամիությանն ասոցիացվելու համաձայնագրի շուրջ, այն պատկերացումների շրջանակում, որ Հայաստանը պետք է միջազգային կապեր զարգացնի տարբեր աշխարհագրական ուղղություններով։ Այդ մոտեցումը հարցականի տակ հայտնվեց հեղափոխությունից եւ հատկապես 2020թ. պատերազմից հետո։ Այստեղ արժե հիշեցնել, որ հետխորհրդային Հայաստանի հարաբերությունները հետխորհրդային Ռուսաստանի հետ հենվում էին յուրատեսակ գործարքի վրա. Հայաստանը լոյալ է մնում Ռուսաստանին, իսկ վերջինը ապահովում է նրա անվտանգությունն ու օգնում վերահսկել Արցախը։

Բայց այդ գործարքն այլեւս չկա։ Հայաստանը կորցրել է Արցախի վերահսկողությունը, իսկ Ռուսաստանը մի քանի անգամ չկարողացավ ապահովել նրա անվտանգությունը։ 2020թ. Ռուսաստանը դեռ կարող էր վկայակոչել լեգիստական փաստարկներն այն մասին, որ անվտանգությունն ապահովելու պարտավորություններ չունի, եթե խոսքը Հայաստանի բուն տարածքի մասին չէ։ Բայց հետագայում դա արդեն անընդունելի էր՝ նկատի ունենալով միջադեպերն ու գրոհներն Ադրբեջանի կողմից, որոնք տեղի էին ունենում 2021թ. մայիսից։ Իսկ արդեն վերջին ժամանակներս Ռուսաստանը մի կողմ քաշվեց եւ ոչ հնարավորություն, ոչ էլ, դատելով ըստ ամենայնի, ցանկություն ուներ գործել որպես խաղաղապահ։ Եվ ահա մենք տեսանք բազմաթիվ աղմկալի նորություններ Հայաստանի եւ ԱՄՆ զինված ուժերի Eagle Partner համատեղ զորավարժությունների մասին այս տարի, ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչին հետ կանչելը, Ուկրաինա ուղարկված [հումանիտար] օգնությունը, որը փոխանցեց Հայաստանի վարչապետ [Փաշինյանի] կինը [Աննա Հակոբյանը]։

Այս ամենը, ինչպես ինձ թվում է, ավելի շուտ մարտավարական փորձարկումներ են, որոնք ուղղված են այլընտրանքային գործընկերների եւ արտաքին քաղաքականության այլընտրանքային վեկտորների որոնմանը։ Բայց փաստը մնում է փաստ. Հայաստանի տնտեսության կարեւոր ռազմավարական սեկտորներում շատ սերտ կապեր են պահպանվում Ռուսաստանի հետ։ Դա ե՛ւ էներգամատակարարումն է, ե՛ւ Ռուսաստանի բաժինը հայկական երկաթուղային ցանցում, Հրազդանի ՋԷԿ-ում եւ այլ ակտիվներում։ Այստեղ Հայաստանը պարզապես տարածք չունի ռազմավարական շրջադարձի համար։

- Իսկ Արեւմուտքը պատրա՞ստ է էլ ավելի մոտենալ Հայաստանի հետ։ Ասենք, կարելի՞ է արդյոք պատկերացնել նոր բանակցություններ Եվրամիությանն ասոցիացվելու մասին կամ, անգամ, Հայաստանի միացումը ՆԱՏՕ-ին։

- Երկարաժամկետ հեռանկարում, չճշտելով ավելի կոնկրետ ժամկետը, կարծում եմ՝ այո։ Մենք արդեն տեսել ենք, որ Արեւմուտքը պատրաստ է կրեատիվ մտածել այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանի հետ հարաբերություններին։ Այսպես, ասոցիացիայի մասին համաձայնագրի տապալումից հետո հայտնվեց CEPA համաձայնագիրը՝ ստորագրված 2017թ.։ Դա կրեատիվ միջոց էր, որի օգնությամբ ԵՄ-ն եւ Հայաստանը  փորձեցին շրջանցել Հայաստանին պարտադրված մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Բացի այդ, կարելի է հիշել եվրոպական մոնիթորինգի տեղակայումը [Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին]. սկզբում EUMCAP երկամսյա առաքելությունը եւ հիմա՝ EUMA-ն, Հայաստանում ԵՄ առաքելությունը, որը, համենայն դեպս, փորձեց բացահայտ ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորությունները։

Ընդհանուր առմամբ,  ես կարծում եմ, որ մենք կտեսնենք այդ կապերն ավելի ամրապնդելու փորձեր։ Բայց Հայաստանի համար սխալ կլիներ իր արտաքին քաղաքականությունը ձեւավորել՝ ելնելով միայն Արեւմուտք-Ռուսաստան երկճյուղումից։ Նրան հարկավոր է արտաքին քաղաքականություն, որը կենթադրի փոխհարաբերություններ ամենատարբեր ակտորների հետ, ներառյալ նրանց, որոնք վատ հարաբերություններ ունեն Արեւմուտքի հետ, օրինակ՝ Իրանը։

- Այսինքն՝ ըստ էության, հարցն այն է, թե կկարողանա արդյոք ԵՄ-ն կամ մեկ այլ միջազգային ակտոր համոզել Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ հարձակումը շատ էական վնասների կհանգեցնի։

- Այո։ Ես չեմ ասում, թե Ադրբեջանն անպայման կիրականացնի իր ծավալապաշտական հավակնությունները։ Կախված այն բանից, թե ինչպես այժմ կկարգավորվի իրավիճակն Արցախում եւ ինչի կհաջողվի հասնել Ադրբեջանին, կարող է պարզվել, որ այդ իռեդենտ դիսկուրսի գործնական արժեքը կնվազի։ Դա շատ բանով կապված կլինի  ազգայնական լեգիտիմության այն տեսակի հետ, որը կօգտագործեն ադրբեջանական իշխանական էլիտաները։ Նրանք որդեգրել են հաղթանակի հարացույցը, եւ դրանից հրաժարվելը շատ դժվար կլինի, այնպես որ, դա, իհարկե, [լայնածավալ ագրեսիայի] ռիսկ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ