News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Հռոմի ստատուտի վավերացումը մենք դիտարկում ենք Հայաստանի անվտանգային համակարգի ձեւավորման տեսանկյունից եւ բազմիցս կրկնել ենք, որ սա որեւէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկող հարաբերությունների տեսանկյունից եւ սա մենք փոխանցել ենք նաեւ մեր ռուս գործընկերներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը:

Նա նշեց, որ իրենք, բնականաբար, ծանոթ են այս խնդրի առնչությամբ Ռուսաստանից հնչող արձագանքներին, բայց դրանից Հայաստանի դիրքորոշումը չի փոխվում. «Որովհետեւ Հայաստանը սուվերեն պետություն է, եւ մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի  պետական շահերով»,-ասաց նա:

Հարցին՝ բացառո՞ւմ են, որ Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի կոնկրետ գործողությունների Հայաստանի դեմ, Աղաջանյանն արձագանքեց. «Դրանք հարցեր են, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Պնդելու որևէ հիմք, որ նման գործողություններ կլինեն, այս պահին չունենք»։

Հարցին, թե Հայաստանն ուզո՞ւմ է ՌԴ-ին թշնամի դասել՝ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ մի կերպ»։

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։

ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ