
ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամ նախագահի աշխատակազմին կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ, դադարեցնել Բաքվին ԱՄՆ ռազմական օգնությունը, հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված բնակչությանը, ինչպես նաեւ միջազգային դիտորդներ տեղակայել Լաչինի միջանցքում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի նախաձեռնողներն են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին եւ կոնգրեսական Աննա Էշուն։
Նամակի հեղինակները, որոնք ներկայացնում են Կոնգրեսի երկու կուսակցությունները, դատապարտել են «ռազմական հարձակումը» Արցախի դեմ եւ «դաժան իննամսյա պաշարումը», ինչի հետեւանքով հայ բնակչությանը «մնում էր միայն փախչել»։
ԱՄՆ օրենսդիրները նշել են, որ, չնայած ցեղասպանության մասին բոլոր նախազգուշացումներին, որը սպառնում էր Արցախի բնակչությանը, տեղի է ունեցել հումանիտար աղետ, որը կարելի էր կանխել։
Կոնգրեսականները առաջարկել են իրականացնել ազատության աջակցության օրենքի 907-րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Հնչել է նաեւ կոչ՝ ադրբեջանցի պաշտոնյաներին անհատական պատժամիջոցների ենթարկելու մասին՝ կիրառելով «Մագնիտսկու օրենքը»։
Նամակի հեղինակներն առաջարկել են հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածներին եւ միջազգային հանրությանը կոչ են անում միանալ այդ գործին։
Կոնգրեսականները պահանջել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստան Արցախի բնակչության անվտանգ տարհանման ապահովման համար, ներառյալ միջազգային դիտորդներիի տեղակայումը Լաչինի միջանցքում։ Անհրաժեշտ է նաեւ ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ, որպեսզի ապահովվի Արցախի իշխանությունների համաներումը։