Այն բանից հետո, երբ Խորհրդարանը հավանություն կտա Հռոմի ստատուտի վավերացմանը, այն ուղարկվում է ՀՀ նախագահին, որն այս որոշման հիման վրա պատրաստում է վավերացման փաստաթուղթը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Դրանից հետո այն (նամակը - խմբ.) փոխանցվում է մի միջազգային սուբյեկտի, որը կոչված է հավաքել այդ փաստաթղթերը։ Սրանից 60 օր հետո փաստաթուղթն ուժի մեջ է մտնում»,- պարզաբանեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը հավանություն տվեց Հռոմի կանոնադրության վավերացմանը։
Ընդդիմությունը բոյկոտեց քննարկումը` ասելով, որ Հռոմի ստատուտը չի ծառայում Հայաստանի արտաքին քաղաքական շահերին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր հավելեց, որ դրա վավերացումը հակասում է Սահմանադրությանը։