
Լեհաստանի իշխանությունները որոշել են բանակն օգտագործել Սլովակիայի հետ սահմանին սահմանապահներին աջակցելու համար, որտեղ միգրացիոն ճգնաժամի պատճառով հոկտեմբերի 4-ի կեսգիշերից ժամանակավոր հսկողություն է սահմանվելու։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Լեհական բանակը կաջակցի Սլովակիայի հետ սահմանին գտնվող սահմանապահներին։ Զինվորները կստանան նույն իրավունքները, ինչ սահմանապահները: Նրանք կկարողանան վերահսկողություն իրականացնել։ Սահման են ուղարկվել թե՛ օպերատիվ, թե՛ տարածքային պաշտպանության, թե՛ ինժեներական զորքեր»,- գրել է նա։
Ավելի վաղ հանրապետության ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին ճեպազրույցում հայտարարել էր Սլովակիայի հետ սահմանին հսկողություն մտցնելու մասին։ Նախարարի խոսքով՝ այս որոշման պատճառը ապօրինի միգրանտների հոսքն է, այսպես կոչված, բալկանյան ուղղությամբ։
Լեհաստանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար Տոմաշ Պրագան հիշեցրել է, որ Շենգենյան գոտու կանոնների համաձայն սահմանային հսկողությունը կարող է երկարաձգվել մի քանի անգամ, բայց ոչ ավելի, քան 20 օր ժամկետով։ Նման վերահսկողության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել երկու ամիսն անընդմեջ: