
Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ «կառուցողական հարաբերություններ՝ հանուն ընդհանուր բարգավաճման և կայունության», երկուշաբթի ասել է ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Անա Պիսոներոն, փոխանցում է Anadolu-ն։
Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցում լրագրողների հետ զրույցում Պիսոներոն ասել է, որ ԵՄ-ն «ռազմավարական շահագրգռվածություն ունի շարունակելու համագործակցությունը և փոխշահավետ հարաբերությունները Թուրքիայի և նրա ողջ ժողովրդի հետ»:
Նա վերահաստատեց դաշինքի պատրաստակամությունը՝ «համագործակցելու Թուրքիայի հետ՝ շարժվելու դեպի կառուցողական հարաբերություններ՝ հանուն ընդհանուր բարգավաճման և կայունության», որը հիմնված կլինի «մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, միջազգային իրավունքը և կայունությունը հարգելու պարտավորությունների վրա՝ ի շահ մեր բոլոր քաղաքացիների»:
Պիսոներոն նաև ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունբ աջակցում է «Արևելյան Միջերկրական ծովում կայուն, անվտանգ միջավայրին»:
Հունիսին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի խնդրանքով Եվրահանձնաժողովը ներկայումս աշխատում է «ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վիճակի մասին զեկույցի» վրա, որը կհրապարակվի այս աշնանը, հավելել է նա:
Պիսոներոյի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրեց Թուրքիային տված խոստումները չկատարելու մեջ:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն 2018 թվականին Եվրամիության խորհուրդը, որը ներկայացնում է ԵՄ անդամ երկրները, որոշել է դադարեցնել բանակցությունները։
Ըստ Անկարայի՝ բանակցությունները սառեցվել են ԵՄ որոշ անդամների կողմից քաղաքական խոչընդոտների պատճառով՝ ԵՄ-ին Թուրքիայի համապատասխանության հետ կապ չունեցող պատճառներով: