News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղ մեկնած ՄԱԿ-ի առաքելությունից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը, ընդգծելով, որ դա իր մոտ որպես ՀՀ քաղաքացի, վրդովմունք է առաջացրել:

Նա ընթերցեց այդ հայտարարությունից մի քանի նախադասություն. «Թիմը համայնքների ներկայացուցիչներից տեղեկացել է, որ Ղարաբաղում մնում է 50-1000 էթնիկ հայ: Առաքելությունն այցելեց Խանքենդի քաղաք, կներեք, որ Խանքենդի եմ ասում, ցիտում եմ ուղիղ, ուր հանդիպեց մարդկանց, համայնքի ներկայացուցիչներին եւ տեղում գնահատեց առողջապահության եւ կրթության հետ կապված իրավիճակը: Պատկերացնո՞ւմ եք. Առողջապահության եւ կրթության հետ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մարդ չկա»:

Արմեն Խաչատրյանը շարունակեց ընթերցել. «Քաղաքի այն հատվածներում, որտեղ թիմն այցելել է, քաղաքացիական հասարակական ենթակառուցվածքներին, ներառյալ հիվանդանոցներին, դպրոցներին եւ բնակարաններին, ինչպես նաեւ մշակութային եւ կրոնական կառույցներին վնաս հասցված չէ, ոչ մի խանութ բաց չէ»: Խնդիր չկա, փրկվեցինք:

«Առաքելությունը չի նկատել ավերված գյուղատնտեսական ենթակառուցվածքներ կամ ճանապարհներին սատկած կենդանիներ»: հոյակապ է ուղղակի: Այն տեսանյութերը, որտեղ երեւում են մեր Ստեփանակերտի, մյուս բնակավայրերի ռմբակոծությունները, կարող էին ուղիղ այդ հասցեներով գնալ եւ տեսնել, թե ինչ է կատարվել, բայց մարդիկ չեն տեսել, ցույց տվող չի եղել:

Խոսնակը նաեւ հայտարարել է՝. «Մենք ԼՂ հասանելիություն չունեինք 30 տարի, դրա համար չէինք գնում: ԼՂ-ի ճանապարհները միշտ բաց են եղել, կարող էին ցանկացած ժամանակ գնալ: Այդ ինչպես է, որ զբոսաշրջիկները կարողանում էին գնալ, ՄԱԿ-ը չէր կարողանում:

Լավ, այդ ինչպե՞ս էր, որ 9 ամիս շրջափակված Արցախում, մի անգամ չցանկացան գնալ Արցախ, հասկանալու՝ ինչ է կատարվում այնտեղ:

Եվ վերջինը, «առաքելությունը զարմացած է, թե ինչ անսպասելի կերպով է տեղի բնակչությունը լքել իր տները եւ այն տառապանքներից, որոնց առնչվել է այս փորձության ընթացքում»: Սա ուղղակի զավեշտ է: Առաքելությունը զարմացած է, որ մարդիկ 9 ամիս սովահար լինելուց հետո ձգտել են մեկ րոպե շուտ իրենց սովահար եղած երեխաներին հասցնել Հայաստան եւ գոնե կուշտ հաց ուտել ու փրկվել:

Ես ուզում եմ Ստեֆան Դյուժարիկին ժողովրդական բառապաշարով հարց ուղղել. «էդ լո՞ւրջ եք ասում»,-ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ այս հայտարարությունը լուրջ վնաս է պատճառում ՄԱԿ-ի հեղինակությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ