News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը Կանադայից խնդրել է արտաքսել երկրում տեղակայված 62 դիվանագետներից 41-ին, երեքշաբթի ասաց իրավիճակին ծանոթ պաշտոնյան՝ սաստկացնելով երկու երկրների միջև առճակատումը՝ Վանկուվերի արվարձանում սիկհ անջատողական առաջնորդի սպանության մեջ Հնդկաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ կանադական մեղադրանքների առնչությամբ, հաղորդում է Financial Times-ի անանուն պաշտոնական աղբյուրը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից, սակայն նախարարության խոսնակ Արինդամ Բագչին ավելի վաղ կոչ էր արել կրճատել կանադացի դիվանագետների թիվը Հնդկաստանում՝ ասելով, որ նրանք ավելի շատ են, քան Կանադայում Հնդկաստանի անձնակազմը։ 

Անցյալ ամիս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասաց, որ 45-ամյա սիկհ առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը՝ Հնդկաստանի մասնակցության մասին «արժանահավատ մեղադրանքներ» կան։ Նիջարը սպանվել էր հունիսին՝ դիմակավորված զինված անձանց կողմից՝ Վանկուվերի մերձակայքում գտնվող Սուրեյ քաղաքում: Տարիներ շարունակ Հնդկաստանը պնդում էր, որ Հնդկաստանում ծնված Կանադայի քաղաքացի Նիջարը կապ ունի ահաբեկչության հետ, ինչը Նիջարը հերքել է:

Երեքշաբթի իր ելույթի ժամանակ Թրյուդոն չհաստատեց այն դիվանագետների թիվը, որոնց հրամայված է լքել երկիրը, բայց ասաց, որ Կանադան պատասխան քայլեր չի ձեռնարկի։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտարարել է, որ կապի մեջ է Հնդկաստանի կառավարության հետ։

«Մենք կշարունակենք մասնավոր շփումները, քանի որ կարծում ենք, որ դիվանագիտական ​​զրույցները լավագույնս անցկացվում են մասնավոր պայմաններում», - ասել է Ջոլին:

Հնդկաստանը տարիներ շարունակ մեղադրել է Կանադային սիկհ անջատողականներին, այդ թվում՝ Նիջարին ազատություն տալու մեջ:

Հնդկաստանը նաև չեղարկել է վիզաները կանադացիների համար։ Կանադան օպատասխան քայլեր չի ձեռնարկել։ Ավելի վաղ Հնդկաստանը վտարել էր կանադացի բարձրաստիճան դիվանագետին այն բանից հետո, երբ Կանադան վտարեց հնդիկ բարձրաստիճան դիվանագետին:

Թրյուդոն նաև նախկինում փորձել է հանդարտեցնել դիվանագիտական ​​վեճը՝ լրագրողներին ասելով, որ Կանադան «չի ձգտում սադրանքի կամ էսկալացիայի»:

Սպանությանը Հնդկաստանի մասնակցության մասին պնդումը մասամբ հիմնված է Կանադայում հնդիկ դիվանագետների դիտարկումների վրա, ներառյալ հիմնական դաշնակիցներից մեկի կողմից տրամադրված հետախուզությունը, ավելի վաղ Associated Press-ին ասել է կանադացի պաշտոնյան:

Հնդկաստանի վերջին արտաքսումները սրել են լարվածությունը երկրների միջև: Անցյալ ամիս Թրյուդոն տհաճ հանդիպում ունեցավ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Նյու Դելիում 20-րդ խմբի հանդիպման ժամանակ, իսկ դրանից օրեր անց Կանադան չեղյալ հայտարարեց աշնանը նախատեսված առևտրային առաքելությունը Հնդկաստան:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախորդ շաբաթ հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ Նյու Դելիի և Օտտավայի միջև կոնֆլիկտի սրման ֆոնին։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս թեման բարձրացվել է։

ԱՄՆ պաշտոնյաները խոստովանել են, որ մեղադրանքների հետևանքները, որոնք նրանք լուրջ են ընդունում, կարող են խորն ազդեցություն ունենալ Հնդկաստանի հետ հարաբերությունների վրա։ 

Դաշնակիցների համար Հնդկաստանի հետ կապերի ամրապնդումն առաջնահերթություն է՝ որպես հակակշիռ Պեկինի աճող հզորությանը, գրում են լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ