
Առողջապահության և սննդի անվտանգության Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը եվրախորհրդարանականներին ասել է, որ «Եվրամիությունը ուշադիր հետևում է Ղարաբաղում տեղի ունեցող անհանգստացնող զարգացումներին» և ներգրավված է «ամենաբարձր մակարդակով օգնելու մեղմացնել խաղաղ բնակիչների վրա հումանիտար ազդեցությունը», հաղորդում է The Guardian-ը։
«ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում՝ ի հեճուկս նրա նախկին հավաստիացումների և դիվանագիտական լուծում փնտրելու հանձնառության», - ասաց նա:
Ընդ որում, ըստ Կիրիակիդեսի, Հայաստան փախած Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է հնարավորություն ունենան ապահով կերպով վերադառնալ իրենց տները:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ քաղաքացիական բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները նույնպես պետք է պաշտպանվեն։
«ԵՄ-ն ընդգծել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա», - հավելել է հանձնակատարը: