
Չորս ծանր վիրավորներ այս շաբաթավերջին Երևանից Ֆրանսիա կտեղափոխվեն՝ բուժման։ Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։
«Ինչ վերաբերում է շտապ բժշկական օգնությանը, որը մենք Ստեփանակերտի պայթյունից հետո անմիջապես ուղարկեցինք Հայաստան, ես պարտավորվում եմ Ձեր առաջ, պարոն նախարար, որ այդ աջակցությունը կշարունակվի և, անհրաժեշտության դեպքում, նորից ու նորից կտրվի։
Դա մարդասիրության և համերաշխության պարտավորություն է, և հենց այս պարտավորությունն է մեզ ստիպել կանգնել ձեր կողքին: Մենք շարունակելու ենք այս աջակցությունը, և այս շաբաթ և կիրակի Երևանից Ֆրանսիա կտեղափոխվեն չորս ծանր վիրավորներ, ովքեր բուժում կստանան ֆրանսիական հիվանդանոցներում, և շնորհակալ եմ իմ գործընկերոջը՝ Ֆրանսիայի առողջապահության նախարարին, ով ինձ հետ մասնակցում է այդ գործողություններին»,- նշել է նախարարը։