News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտադիր է դեկտեմբերին հայտարարել Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին։ Ինչպես գրում է Politico-ն՝ վկայակոչելով դիվանագետներին, առաջնորդները պատրաստվում են Կիևի առաջ կանաչ լույս վառել ԵՄ-ին անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու համար մինչև տարեվերջ։

ԵՄ երկրները Կիևին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ են շնորհել հունիսին, և Եվրահանձնաժողովը պետք է նոյեմբերին «առաջընթացի զեկույց» հրապարակի այն մասին, թե որքանով են Ուկրաինան և անդամակցության այլ հավակնորդները բավարարում դաշինքին անդամակցելու պայմաններին:

Առաջընթացի զեկույցի ընդունումից հետո Հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ, որից հետո  անդամ երկրներին «շատ դժվար կլինի» հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելուց։ «Սրա շուրջ քաղաքական ճնշումը չափազանց ուժեղ կլինի, որպեսզի առանձին անդամ երկրներ դիմադրեն: Աշխատանքային ենթադրությունն այն է, որ մինչև դեկտեմբեր Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի բանակցություններ սկսելու մասին»,- ասել է դիվանագետներից մեկը:

Բանակցությունները սկսելու համար Ուկրաինան պետք է օրինական կերպով կատարի հանձնաժողովի կողմից սահմանված յոթ պայմանները, այդ թվում՝ դատական ​​բարեփոխումները և կոռուպցիայի զսպումը: Ուկրաինայի կառավարության տվյալներով՝ օգոստոսի դրությամբ յոթ պայմաններից միայն երկուսն են կատարվել։

Թեև Ուկրաինան հնարավոր է՝ չբավարարի բոլոր յոթ պայմանները մինչև եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարների հավաքը դեկտեմբերի կեսերին կայանալիք գագաթնաժողովին, առաջնորդները մտադիր են հանդես գալ քաղաքական հայտարարությամբ, որը թույլ կտա սկսել բանակցությունները, նույնիսկ եթե բանակցությունների իրավական շրջանակը դեռ վերջնական ձևակերպված չէ: «Նպատակը դեկտեմբերին քաղաքական համաձայնություն ձեռք բերելն է՝ բանակցություններ սկսելու համար», - ասել է երկրորդ դիվանագետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ընդունման վերաբերյալ իրավական որոշում կարող է կայացվել մինչև 2024 թվականի սկիզբը։

Երրորդ դիվանագետն ասել է, որ առաջնորդները դեկտեմբերին «դրական ազդանշան կուղարկեն» Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ:

Հարցին, թե որքան առաջ է անցել Ուկրաինան յոթ չափանիշներին համապատասխանելու հարցում, ԵՄ խոսնակն ասել է, որ առաջընթացը «հուսադրող է, քանի որ միայն մեկ բնագավառ՝ կապված փոքրամասնությունների հետ, կարճաժամկետ հեռանկարում խնդրահարույց է թվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ