
Հունգարիան առաջարկել է կրճատել Ուկրաինային ԵՄ-ի կողմից հատկացվող ֆինանսավորումը՝ փաթեթը 50 մլրդ եվրոյից հասցնելով 25 մլրդ եվրոյի, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հունգարիան հայտարարել է, որ լրացուցիչ 25 մլրդ եվրոյի վճարումը կարող է վերագնահատվել 2024-2027թթ. վճարումների ցիկլի կեսին։ Այս առաջարկը խորացնում է այն մտավախությունները, որ Ուկրաինային միջազգային աջակցությունը կարող է թուլանալ ամերիկյան օրենսդիրների այն որոշումից հետո, որն ընդունվել է սեպտեմբերի 30-ին եւ հանել է Ուկրաինայի համար նախատեսվող օգնությունը պետական ծախսերի մասին օրինագծից։
ԵՄ-ն պահանջում է բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը միջոցները հատկացնելուց առաջ, բայց Հունգարիան քանիցս խանգարել է միջոցների հատկացմանը՝ դեմ հանդես գալով պատժամիջոցներին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինային մեղադրել է նաեւ էթնիկ հունգարների փոքրամասնության իրավունքների խախտման մեջ։
Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ քաղաքական տարաձայնությունները կարող են նշանակել, որ ԵՄ-ն չի հասնի համաձայնության մինչեւ տարեվերջ Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթի հարցում։