
Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը ռազմական գործողությունների միջոցով՝ ստիպելով հազարավոր արցախահայերի լքել իրենց հայրենիքը։ Իրադարձությունների այսպիսի զարգացումը վտանգավոր նախադեպ է ստեղծում Հարավային Կովկասում հակամարտության ապագա խաղաղ լուծման համար։ Սա նաեւ արեւմտյան դիվանագիտության ձախողումն է։
Արցախի զավթումը «հակամարտության ավտորիտար լուծման» վտանգավոր օրինակ է, որը խափանում է լիբերալ խաղաղապահ ջանքերի լեգիտիմությունը։ Չնայած Ռուսաստանի համեմատական թուլությանը Ուկրաինայի դեմ պատերազմում՝ այս հակամարտության նորմերը սահմանում է հենց նա, այլ ոչ թե ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, գրել է Միջազգային հարաբերություննեի գերմանական խորհրդին առընթեր Արեւելյան Եվրոպայում, Ռուսաստանում եւ Կնետրոնական Ասիայում կարգի եւ կառավարման կենտրոնի ղեկավար Սթեֆան Մայսթերը։
«Ադրբեջանի կողմից Արցախի զավթումը ռազմական ճանապարհով, որը հանգեցրեց հայերի արտագաղթին վիճելի տարածաշրջանից, լուրջ հարված է Եվրամիության եւ ԱՄՆ դիվանագիտությանը։ Ուժային հաղթանակն ունի հսկայական տարածաշրջանային եւ միջազգային հետեւանքներ։ Այն առաջ կբերի ատելության նոր շրջապտույտ հայերի եւ արբեջանցիների միջեւ եւ կխափանի խաղաղապահ ջանքերը տարրածաշրջանում։ Ավելին, դա «հակամարտությունների ավտորիտար լուծման» վտանգավոր նախադեպ կստեղծի՝ վնասելով լիբերալ դեմոկրատիայի հանդեպ վստահությանը վեճերի խաղաղ լուծման հարցում։ Չնայած իր համեմատական թուլությանը, (ավտորիտար) նորմերն այս հակամարտությունում սահմանում է Ռուսաստանը, այլ ոչ թե ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն։
Ադրբեջանի ռազմական գերազանցությունը՝ հիմնված իսրայելական ռազմական տեխնոլոգիաների եւ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի համակողմանի աջակցության վրա, օգնեց նրան հեշտությամբ զավթել Արցախը։ Բայց պարզ է մի բան. առանց Ռուսաստանի օրհնության այդ ռազմական գործողությունն անհնար կլիներ։
Սա արտացոլում է նոր աշխարհաքաղաքական իրողությունը տարածաշրջանում՝ Ուկրաինա 2022թ. փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո, երբ տարբեր տերություններ սկսեցին մրցակցել իրենց շահերի համար եւ բանակցություններ վարել տարածաշրջանային անվտանգության նոր կարգի շուրջ։ Չնայած Ռուսաստանը, թերեւս, կորցրել է ազդեցությունը, նա կմնա կարեւոր խաղացող տարածաշրջանում, որը կսահմանի կանոնները Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ բանակցություններում։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը փոխեց նրա շահերը Հարավային Կովկասում. Ռուսաստանն այժմ Ադրբեջանով դեպի Իրան Հյուսիս-Հարավ երթուղու եւ դեպի Թուրքիա լրացուցիչ տարանցման երթուղիների կարիք ունի։ Առեւտրի եւ տարանցման այդ այլընտրանքային ուղիները պետք է օգնեն շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։
Ավելին, Բաքվի մերձավոր դաշնակիցը լինելով՝ Թուրքիան կարեւոր գործընկեր է այս նախաձեռնությունում։ Ի հեճուկս իր ենթադրվող իմիջի՝ Ռուսաստանը երբեք Հայաստանի ալտրուիստական պաշտպանը չի եղել։ Վերջին տասնամյակներին նա հավասարակշռություն է պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ երկու կողմերին մատակարարելով զենք եւ փորձելով թույլ չտալ, որ Արեւմուտքը մտնի տարածաշրջան։ Հիմա նրան անհրաժեշտ է ամբողջ զենքը, որը կարող է ստանալ Ուկրաինայի դեմ պատերազմում։
Բաքվի ավտորիտար վարչակարգը շատ ավելի մոտ է Կրեմլին կառավարման տեսակետից, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։
Փաշինյանը երկու անգամ ընտրվել է դեմոկրատական ճանապարհով. սկզբում 2018թ. հայկական «թավշյա հեղափոխությունից» հետո, եւ այնուհետեւ 2021թ., ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նա քննադատության է ենթարկվել Ռուսաստանի ղեկավարության կողմից Մոսկվայից իր երկրին հեռացնելու պատճառով, Մոսկվան ավելի հաճախ է փորձում վնասել նրա լեգիտիմությանը անձնական հարձակումներով եւ ապատեղեկատվական արշավներով։
Նա անգամ սկսել է կասկածի ենթարկել Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Հրադադարի մասին համաձայնագիրը, որը կնքվել է 2020թ. Ռուսաստանի միջնորդությամբ, շրջանցեց ԵԱՀԿ բազմակողմ Մինսկի խումբը որպես բանակցությունների հիմնական ձեւաչափի, եւ այդ ժամանակվանից Ռուսաստանը փորձում էր հակամարտությունը տեղավորել տարածաշրջանային եռակողմ ձեւաչափում, որը նա վերահսկում էր։ Թուրքիան նույնպես ցանկանում էր միանալ այդ ձեւաչափին, բայց նրան թույլ տվեցին միանալ միայն Ռուսաստանի հետ համատեղ Ղարաբաղի մոնիթորինգի կենտրոնին։
Ի պատասխան՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ստեղծեցին աջակցության իրենց սեփական փոխլրացնող ձեւաչափերը, որպեսզի ինտերնացիոնալացնեն հակամարտությունը եւ ստեղծեն գործարքների կնքման ռուսական մոտեցման այլընտրանք։ Բայց նրանց չհաջողվեց բեկման հասնել, քանի որ ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն չէին կարող եւ չէին ցանկանում ճնշում գործադրել հակամարտող երկու կողմերի վրա, մանավանդ Բաքվի, համաձայնագրի իրականացման գործող մեխանիզմի ստեղծման նպատակով։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումը ոչ մի կերպ վերջ չդրեց կամ դեէսկալացիայի չենթարկեց հակամարտությունը, փոխարենը, հավանաբար, կսկսի նվաստացման և վրեժխնդրության նոր փուլ: Բացի տարածաշրջանում տեղի ունեցող հումանիտար աղետից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ ցանկանում է խարխլել հայկական պետության տարածքային ամբողջականությունը։ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրները դեռևս համաձայնության չեն եկել իրենց սահմանների սահմանազատման շուրջ, իսկ Ադրբեջանը անցյալ տարի գրավել է Հայաստանի սահմանամերձ շրջանների փոքր, բայց ռազմավարական կարևոր հատվածները:
Բաքվի հաջորդ նպատակը Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևանի էքսկլավ արտատարածքային միջանցք ստեղծելն է, և նա սպառնում է դա անել ուժով, եթե Հայաստանը չկատարի պահանջները: Սեպտեմբերի 25-ին Նախիջևանում Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ցույց տվեց այս գաղափարին Թուրքիայի աջակցությունը։ Ռուսաստանը նույնպես շահագրգռված է դեպի Թուրքիա տանող այս լրացուցիչ ճանապարհով, և 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը ներառված է կետ, որով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերը երաշխավորելու են դրա անվտանգությունը։
Քանի որ Երևանը չի վստահում ոչ Մոսկվային, ոչ էլ Բաքվին, Հայաստանը դա դիտարկում է որպես լրացուցիչ սպառնալիք։
Ավելին, Ալիևը բանավեճ է նախաձեռնել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որը կասկածի տակ է դնում հայկական պետության գոյությունը։ Այս ագրեսիվ հռետորաբանությունը, զուգորդված ատելության խոսքի, Ադրբեջանի ռազմական գերակայության և այս ուժային քաղաքականությունը զսպելու համար միջազգային սահմանափակ գործողությունների հետ, դրդել է Բաքվին առավելագույնի հասցնել իր պահանջները:
Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին ԵՄ-ի և ԱՄՆ-ի թույլ արձագանքը, իսկ այժմ վիճելի տարածաշրջանի ռազմական գրավումը ոգեւորել են Ադրբեջանի կառավարությանը: ԵՄ անդամ երկրները նույնիսկ չկարողացան համաձայնության գալ Բաքվի ռազմական ագրեսիան դատապարտող ընդհանուր հայտարարության շուրջ, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի, քանի որ Հունգարիան հրաժարվեց աջակցել դրան։
Միջազգային իրավունքի համաձայն՝ Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել վերահսկողությունը իր տարածքի վրա։ Սակայն ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների սիստեմատիկ սովամահությունը, խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը և սպառնալիքների և ուժի միջոցով մարդկանց վտարումը հակասում են միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին:
Լիբերալ խաղաղարարության փոխարեն այս պահին հաջողված մոդելը ավտորիտար «հակամարտությունների լուծումն» է եղել ուժով։ Ոչ թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն են որոշում խաղի կանոնները բանակցությունների, փոխզիջումների, միջնորդության և մարդկանց միջև վստահության ամրապնդման միջոցով, այլ Բաքուն՝ իր ռազմական հզորությամբ և Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ։
Չնայած հասարակական բանավեճին, որ Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում Ուկրաինայում ռազմական գերընդլայնման պատճառով, ճիշտ հակառակն է: Ռուսաստանը հաջող կարգավորող է այս հակամարտությունում՝ օգտագործելով ուժ և զրոյական տրամաբանություն։
Մոսկվան Ադրբեջանի հետ գործարքների է գնում ղարաբաղահայության և հայկական պետության ինքնիշխանության գնով։ Այո, հայկական վերնախավերը բաց թողեցին ավելի լավ պայմաններով խաղաղ համաձայնագրի իրենց հնարավորությունը շատ տարիներ առաջ, երբ Հայաստանը դեռ վերահսկում էր Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները: Բայց Արևմուտքը չկարողացավ համարժեք արձագանքել 2020 թվականին Ադրբեջանի պատերազմին և չզսպեց Բաքվին հետագա ագրեսիայից: Այժմ, հերթական անգամ, այս մեկօրյա պատերազմին նրա լուռ արձագանքը և ռազմական հետագա բռնությունները զսպելու ձախողումը կարող են դրդել Բաքվին Զանգեզուրի միջանցքով մտնել Նախիջևան:
Գործողությունների բացակայությունն ու Արեւմուտքի հստակ ազդանշանները նախապայման էին Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմի համար։ Այս սխալի կրկնությունը հրավեր է Ալիևին՝ Էրդողանի աջակցությամբ, ավելի խարխլելու հայկական պետության տարածքային ամբողջականությունը և վրեժխնդիր լինելու Հայաստանից Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի համար։
Արևմուտքը պետք է հստակ ասի՝ Հայաստանի դեմ ցանկացած ագրեսիա կբերի բարձր գին և կոշտ պատասխան։ Սա պետք է հստակ հաղորդվի Ալիևին՝ և՛ աջակցության առաջարկներով, և՛ պատժամիջոցների սպառնալիքներով։ Եթե Ադրբեջանը համաձայնի Հայաստանի հետ կայուն խաղաղության և սահմանային համաձայնագրի կնքմանը, ԵՄ-ն կարող է ավելի շատ ներդրումներ առաջարկել տարանցիկ միջանցքների և ազատագրված տարածքների վերականգնման համար:
Եթե ագրեսիան շարունակվի, ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի ադրբեջանական գազի գնման դեմ, որը կազմում է ԵՄ գազի ներկրման մոտ 3 տոկոսը։ Ադրբեջանական գազից կախվածությունը գերագնահատված է և ավելի շատ անգործության արդարացում է թվում, քան իրականություն։ Ավելին, պատժամիջոցները պետք է պատժեն այն շահագրգիռ կողմերին, որոնք պատասխանատու են բռնության համար։
Դա կարող է իրականացվել անձնական պատժամիջոցների միջոցով, ինչպիսիք են ակտիվների և բանկային հաշիվների սառեցումը, կամ ճանապարհորդության արգելքը մինչև ադրբեջանական պետության ամենաբարձր մակարդակը` ԱՄՆ-ի հետ սերտ համակարգմամբ:
ԵՄ-ն պետք է լուրջ առաջարկ անի դիտորդներ կամ խաղաղապահ առաքելություն ուղարկել հայկական պետության անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի ավելացման վերաբերյալ վերջին որոշումը դրական քայլ է, բայց ոչ բավարար։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիան և Ֆրանսիան պետք է ավելի լավ համակարգեն իրենց մոտեցումները և ակտիվացնեն իրենց մասնակցությունը դեէսկալացիայի, հակամարտությունների կարգավորման և հնարավոր պատժամիջոցների շուրջ համաձայնության:
Դրան պետք է հետևի ԵՄ անդամ երկրների կոալիցիայի կողմից հակամարտությունում ավելի մեծ պատասխանատվություն և առաջնորդություն: Եթե ԵՄ-ն չկարողանա սահմանել հետխորհրդային հակամարտությունների գոտիներում խաղաղության պահպանման լիբերալ նորմեր, ինչպես կարծում են անաչառ բազմակողմ դերակատարները, ապա նա կձախողվի ոչ միայն որպես դերակատար իր միջավայրում, այլև դրանից դուրս:
Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայում պետք է արթնացման կոչ լինի ԵՄ-ի համար՝ դառնալու անվտանգության և խաղաղության խաղացող իր տարբեր տարածաշրջաններում և ստեղծելու ամուր գործիքակազմ՝ բանակցային հարթակներով, պատժամիջոցների ռեժիմներով, խաղաղապահ և դիտորդական առաքելություններով: Երկրորդ պատերազմը Լեռնային Ղարաբաղում և վիճելի տարածաշրջանի վրա վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի վերջին ռազմական քայլերը վտանգավոր նախադեպ են ստեղծել:
Սա կհանգեցնի խաղի նոր կանոնների և անվտանգության նոր կարգի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տարբեր դերակատարներով և շահերով։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է շատ ավելին անեն, քան պարզապես կողքի կանգնել և անհանգստությամբ հետևելը»: