ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հարց ուղղեց այն մասին, որ Հայաստանն իր այս վարչախմբով միայնակ թողեց Արցախը եւ այս իրողության պայմաններում ո՞րն է ՀՀ իշխանությունների հետագան։
Փաշինյանը պատասխանեց, որ ասել, թե ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղին մենակ են թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է հնչել․
«Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին 1 մլրդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել, Լեռնային Ղարաբաղը մեծ հաշվով այս ընթացքում եւ բլոկադային առաջ ինքնապաշտպանության առումով, իմ անձնական կարծիքով, որեւէ բանի պակաս չի ունեցել։ Ես չեմ ասել, որ մենք չենք միջամտելու, ես ասել եմ, որ նպատակը ռազմական գործողությունների մեջ Հայաստանին ներքաշելն է, եւ մենք ռազմական գործողությունների մեջ չենք ներքաշվելու, բայց մենք ամբողջական քաղաքական աջակցություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։ Եթե ձեր մղումը իսկապես հասկանալն է, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում, ես ողջունում եմ դա մի պայմանով, որ մենք իսկապես պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել եւ ունենում։ Այո, այդ սադրանքի նպատակն ու հիմնական թիրախը եղել է եւ մնում է Հայաստանի Հանրապետությունը։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, առաջին հերթին իմ պարտականությունն է Հայաստանի անվտանգությունն ապահովելը։ Այսօր մենք այսօր միջազգային օգնություն ենք ակնկալում, բայց ձեռք մեկնած աշխարհով ման չենք գալիս, թե մեզ 2 կոպեկ գցեք, որ մեր եղբայրներն ու քույրերը սովահար չլինեն»,- ասաց Փաշինյանը։
Նա անդրադառնալով իր՝ նախկինում արած այն հայտարարությունը, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չի սպառնում, պարզաբանեց ,որ իր հայտարարության մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնի․
«Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում եւս 300 մարդ զոհվեր, դրանից ոչինչ չէր փոխվելու։ Իմ խնդիրն այն չի եղել, որ հայտարարություն անեմ, որ 300 մարդ ավելի զոհվի, իմ խնդիրն այն է եղել՝ անել այն հայտարարությունը, որ որեւէ մեկի գլխից մազ չպակասի, եւ ես ուրախ եմ, որ գուցե նաեւ իմ հայտարարության շնորհիվ 105հազարից ավելի քաղաքացիներ դժվար, տառապալից, հոգեբանական ծանր վիճակում եկել ու հասել են Հայաստանի Հանրապետություն։ Եվ ուրախ եմ, որ իրենց այսօր պատշաճ ընդունելու հնարավորություն ունենք»։
Ռուստամյանն արձագանքելով Փաշինյանին՝ ասաց․ «Դուք ձեր պատասխանից գո՞հ եք։ Այսինքն՝ դուք ասում եք՝ մենք չմիջամտեցինք, այնտեղից անհապաղ միջամտելու անհրաժեշտություն գոյություն ուներ, հրոսակները հոշոտում էին մեր ժողովրդին, խաղաղ բնակչություն չի՞ զոհվել, էթնիկ զտումներ չե՞ն եղել, դուք հակասում եք ԱԳՆ-ի դիրքորոշմանը։ Այսօր մենք պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին, դուք հիմա նորից հիմք եք տալիս Ադրբեջանին՝ պաշտպանվելու, այսպես ո՞նց կարելի է պաշտպանել հայ ժողովրդի շահերը, ավելին Ցեղասպանության մասին կովենցիան պահանջում է, որ եթե տեղի է ունենում ցեղասպանություն, անմիջապես արձագանքել, կանխել եւ դադարեցնել ,ինչո՞ւ չեք արել, թե՞ համարում եք ցեղասանություն չի եղել»։
Փաշինյանը պատասխանեց, որ էթնիկ զտման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները շատ հստակ են հնչել․ «ԱԳՆ-ի հայտարարությունը արտահայտում է ՀՀ կառավարության դիրքորոոշումը,այն մարդիկ, ովքեր էթնիկ զտման զոհ են դարձել, նրանցից 105 հազարը կենդանի, իրենց ոտով եկել են Հայաստան, բայց դա չի նշանակում, որ նրանք էթնիկ զտման զոհ չեն։ Իմ նախընտրությունը եղել է այն, որ թեկուզ մարդիկ էթնիկ զտման զոհ են, նրանք ողջ առողջ գան, հասնեն Հայաստանի Հանրապետություն։ Դուք ընդհանրապես առանց փաստի նախորդ պատերազմից հետո ասում էիք՝ 7 հազար զոհ կա, 10 հազար զոհ կա, դա գուցե ինչ-որ մարդկանց մխիթարում է, բայց ես այդ մոտեցմանը համաձայն չեմ։ Էլ չեմ ասում, որ կա ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում, որը այնտեղ տեղավորվել է այդ թվում՝ իմ ստորագրությամբ եւ որի՝ այնտեղ ուղարկելու առաքելությունը ԼՂ-ում քաղաքացիական բնակչության սպանդ կանխարգելելն է»։