
Եթե հայկական դրամի փոխարժեքը ցածր մնա, դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ շինարարական հատվածի վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Silver REA» անշարժ գույքի գործակալության ղեկավար Անդրանիկ Արությունովը։
Նա պարզաբանել է, որ շատ կառուցողներ ծրագրերն իրականացնում են դոլարային վարկային միջոցներով։
«Եթե այսպես շարունակվի կամ դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքն էլ ավելի բարձրանա, ապա կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ դժվար է պարտքերը սպասարկել բարձր փոխարժեքով, ուստի կառուցողների շահույթը սպասվածից ցածր կլինի»,- ընդգծել է Արությունովը։
Միաժամանակ փորձագետը ներկայումս քիչ հավանական է համարում կառուցողների սնանկացումը։
«Ժամանակի ընթացքում, երկարաժամկետ հեռանկարում, դա կարող է հանգեցնել նորակառույցների գների բարձրացմանը, սակայն այս պահին նման վտանգ չկա։
Երկրորդային շուկայում, նույն սցենարով, դոլարային արտահայտությամբ գները կնվազեն, սակայն քաղաքացիների մեծ մասը բնակարանները վաճառում է դրամով, քանի որ ֆիզիկական անձանց դոլարով հիփոթեքային վարկեր Հայաստանում այլևս չեն տրվում, դրանք տրվում են դրամով։
Բայց այս ամենը պարզ կդառնա ապագայում։ Դեռևս դժվար է ասել, թե շուկան իրեն ինչպես կդրսևորի մեկ-երկու օրվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»,- հավելել է նա։
Արամ Դանիելյան