
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ անընդունելի է համարում ռազմական ուժի կիրառումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
«Նա [Շոլցը] ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է [իրավիճակի] բանակցային կարգավորմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»,- ավելացրել է նա։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, ըստ Հոֆմանի, վայելում են դաշնային կառավարության լիակատար աջակցությունը։
«Կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա զարգացման առնչությամբ առավելագույն հնարավոր թափանցիկության կարևորությունը»,- հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։ Շոլցը, ըստ նրա, նշել է, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ դրական քայլ է, որը պետք է զարգացնել։