
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Հունգարիային և Թուրքիային վավերացնել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։
«ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը ամբողջական չի լինի առանց Շվեդիայի միանալու»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ հանդիպումից հետո։ «Ուզում եմ ընդգծել, որ Հունգարիան և Թուրքիան պետք է իրականացնեն վավերացումը իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն»:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, Օրպոյի հետ զրույցում քննարկվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը, որին Փարիզն ի սկզբանե աջակցել է։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի հյուսիսային երկրներ «կուժեղացնի դաշինքի ներուժը հյուսիսային և արկտիկական տարածաշրջանում», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումները ներկայացրել են 2022 թվականի մայիսին՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են նրանց դրդել նման քայլի։ Ֆինլանդիան արդեն դարձել է դաշինքի անդամ, իսկ Շվեդիայի դիմումը Թուրքիան և Հունգարիան դեռևս չեն վավերացրել։