Բաքուն պաշտոնապես հաստատել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու լուրը։ Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել է Հարությունյանի ձերբակալության եւ հարցաքննության տեսանյութը։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Հարությունյանին 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։ Հարությունյանը մեղադրվում է «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ագրեսիվ պատերազմին մասնակցելու, վարձկաններ հավաքագրելու, վարժեցնելու և ֆինանսավորելու, ինչպես նաև նրանց ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին ներգրավելու համար, մասնակցություն Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը, նրանց գործունեությունը կազմակերպելուն, այդ հանցավոր խմբերին զենքով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով և բանակային տեխնիկայով զինելուն, նախապատրաստական դասընթացներ կազմակերպելուն. այդ զենքերի կիրառման, ինչպես նաև դրանք Ադրբեջան մաքսանենգ ներմուծելու և ահաբեկչության ֆինանսավորման համար»:
Մեկ այլ հոդվածով Հարությունյանը մեղադրվում է նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Բարդայի շրջանի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծման համար։
Նշվում է, որ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին՝ Ստեփանակերտում, և տարվել Բաքու։ Հարությունյանին տրամադրվել է հանրային պաշտպան՝ Ալով Սաֆարալիևը։ Հիշեցնենք, որ,Ադրբեջանը ձերբակալել է նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին, իսկ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է։




























