News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 10 տոկոսով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից: «Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոս բարձրացմանը: Տեղեկացնենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ին սկսված պլանային վերանորոգման եւ վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը, նախատեսվածից շուտ, կմիանա էներգահամակարգին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը նշել էր, որ դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասել էր Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին: Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են  ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Ատոմակայանը սեպտեմբերից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տեւի 46 օր: Ըստ լուրերի` դիմում գրած  աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ  գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ