News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արարատի  մարզի Արարատ գյուղում է ապրում Արցախից բռնի տեղահանված Արմենի 8 հոգանոց ընտանիքը։ Հասրաթյանների ընտանիքը 2  ամիս է՝ Ստեփանակերտի 2 առանձնատունը թողել ու վարձով է ապրում երկհարկանի տանը։ Արմենը NEWS.am-ին պատմում է, որ անմխիթար պայմաններ են եղել, բայց կարողացել են հարեւանների օգնությամբ տունը կարգի բերել։

Այժմ Արմենը Արարատ գյուղում զրոյից բիզնես է սկսել։ Վարձակալած տան բակում տարիներով չմշակված ջերմոց կա, որին պապիկից հողագործություն սովորած արցախցի ընտանիքը՝ մեծից փոքր ամենօրյա աշխատանքով կարողացել են նոր շունչ տալ․ կտրել են խոտը, վարել ու կանաչիներ ցանել այն նպատակով, որ ձմռանը կվաճառեն։

«Արամն ու Արենը տաշկայով հողը հանել են։ Արամը լավ է աշխատել, տաշկայով լրիվ հանել է, ահավոր վիճակ է եղել, Արենն էլ հաց բան է բերել տնից, կերել ենք․ աշխատասեր ենք։ Այստեղ ահավոր վիճակ է եղել, խոտերը բարձր, եկել ու առաջին օրվանից գործի ենք անցել։ Մենք Ստեփանակերտում սիրել ենք հողագործությունը, եկել ենք էստեղ մաքրել, ցանել ենք, տեսնենք հետո եթե հնարավորություն լինի, օգնեն․․․»,- ասում է ընտանիքի հայրը։

Ընտանիքը կանաչիների 3-4 տեսակ է ցանել, մտադրություն ունի վարունգ ու լոլիկ էլ ցանել, սակայն ջերմոցում ջեռուցման աստիճանը բավարար չէ, որպեսզի  բանջարեղեն էլ ցանեն․

«Հիմա որ ջեռուցում լինի, լոլիկ, վարունգ կցանենք, ջեռուցումը թանկ է, մենք էլ չենք աշխատում, չկա աշխատանք, ինչ եղել է, թողել ու եկել ենք։ Ցանել ենք սոխ, կանաչի, կոտեմ, տարբեր բանջարաբոստանային բույսեր, հնարավորություն չունենք վարունգ ու պոմիդոր ցանելու հնարավորություն չունենք ֆինանսապես, դատարկ եկել ենք, ոչ մի բան չենք ունեցել»։

Արմենի խոսքով՝ եթե իրեն կարողանան օգնել այլ բույսերի սերմեր նույնպես ցանել, ապա վստահ է՝ իր բիզնեսը հաջողելու է։

Արմենը եղբոր հետ Ստեփանակերտում շինարարությամբ է զբաղվել, զուգահեռ նաեւ Պաշտպանության բանակում է ծառայել՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ասում է՝ ընկերներ է կորցրել եւ՛ ռազմի դաշտում, եւ՛ բենզինի ողբերգական պայթյունի հետեւանքով։

«Այնտեղ 2 տուն ենք թողել, ֆունդամենտից տուն, 6 տարի էր՝ սարքում էինք։ Վերջում էլ դրսում մնացինք, մեծ սեփական տուն, հողամասով։ Արդեն հասել էինք ներսի աշխատանքներին, մնաց թուրքին, հիմա չենք կարողանում զրոյից սարքենք։ Մեկը պապական տունն էր, մեկը՝ ինձ համար էինք սարքում»,- ասում է Արմենը։

Ընտանիքը հոկտեմբերի 25-ին է եկել Հայաստան, Գորիսում տատն է մահացել, այնտեղ էլ հուղարկավորել են․ միայն հեռուստացույցն են կարողացել բերել, այն էլ ճանապարհին կոտրվել է։

Առաջիկայում ձմեռ է, Արմենի մտահոգությունն ավելի է մեծանում, վառելիք չկա, կոմունալ ծախսերն էլ՝ բարձր․

«Առաջը ձմեռ է գալիս, գուցե կարողանանք ծախենք, կոմունալ ա, վարձ ա, փակենք։ 3 հոգի ենք, երեքն էլ ուժեղ վարպետներ են, բայց ․․․Ուղղակի մարդ չգիտենք, որ կարող է օգնել մեզ այստեղ բիզնես դնենք։ Մեզ պետք լինի, գիշերն էլ կաշխատենք գործը լինի, հարմարությունը լինի։ Ահավոր վիճակի մեջ ենք լինելու, ձմեռ է, ցուրտ է, տան տերն ասում է՝ «Բաքսի» վառեք, բայց ես կարա՞մ գազի փողը տամ։ Փայտն էլ 40-30 հազար է, որ չաշխատես՝ ո՞նց անես։ Ցավալի օրեր են»։

Նշենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը սկսել է հատուկ նախագիծ՝ արցախցի գործարարներին աջակցելու նպատակով։ Առանձին հոդվածներով ներկայացնելու ենք Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցներին, որոնք Հայաստանում հաստատվելուց հետո սկսել են զբաղվել ձեռներեցությամբ։

Կանդրադառնանք նաեւ այն գործարարներին, որոնք Արցախում հաջողված բիզնես կամ արտադրություն են ունեցել, եւ այժմ գործընկերներ կամ ներդրումներ են փնտրում՝ բիզնեսը Հայաստանում ծավալելու համար։

Հոդվածաշարի նպատակն է օգնել արցախցի գործարարներին՝ մեծացնել իրենց բիզնեսի մասին տեղեկացվածությունը եւ դիրքավորվել հայաստանյան շուկայում։

Սիրելի արցախցի գործարարներ, եթե ցանկանում եք պատմել ձեր մեծ կամ փոքր բիզնեսի մասին, խնդրում ենք դիմել NEWS.am խմբագրություն հետեւյալ կոնտակտային հասցեներով՝ +37477 26 64 13, +37499 20 32 12 կամ գրել մեր էլեկտրոնային փոստին՝ mailto:[email protected]։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունը
Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին…
Արցախը հենց իրական Հայաստան էր. Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան
Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր…
2019-ին եռանախագահները խաղաղ լուծում էին առաջարկում. Փաշինյանը չընդունեց. 44-օրյա պատերազմը նրա խղճի վրա է. Զուրաբյան
Այսօր Արեւմուտքը չի գալիս օգնության, չի գալիս լուրջ, էֆեկտիվ միջնորդության...
Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան
32 տարի առաջ այս օրը հայկական ջոկատները մաքրազերծեցին թուրքական ախտից...
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Արցախցիներս, իմ շատ սիրելի ժողովուրդ, դուք որևէ բանով տարբեր չեք…
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Հովիկ Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ