Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին մահից առաջ նվաստացուցիչ կտտանքների են ենթարկել: Global Post պարբերականը, որն ավելի վաղ աշխարհին շոկի էր մատնել Քադաֆիի սպանության կադրերով, այս անգամ նոր կադրեր է տարածել: Պարզվել է, որ ծանր վիրավորված եւ արնահոսող 69-ամյա գնդապետի նկատմամբ սեռական բռնություններ են եղել:

Կայքում զետեղված լուսանկարներից երեւում է, թե ինչպես է ապստամբներից մեկը ինչ-որ առարկայով, ամենայն հավանականությամբ, փայտով, բռնություն գործադրում Քադաֆիի նկատմամբ: Global Post-ը չի բացառել, որ դա կարող էր նաեւ դանակ լինել:

Արեւմտյան պարբերականները եւս պատմում են Քադաֆիի կողմնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին` նշելով, որ սպանվածների թիվը անցնում է մի քանի հարյուրից:

Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին: Նրա եւ որդու` Մութասիմի դիակները համընդհանուր ցուցադրման էին դրել Միսուրատա քաղաքի սառնարանային խցիկներից մեկում: Հոկտեմբերի 25-ին Քադաֆին գաղտնի թաղվել է լիբիական անապատում: