News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Տիգրան Ավինյանի այն որոշումը, համաձայն որի՝ 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն (Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց) կարող են մտնել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։

Ոստիկանությունն այս կարգը խախտողներին կտուգանի 5.000 դրամով: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Քաղաքապետարանն այս քայլին գնացել է Երևանի կենտրոնն, իբր, բեռնաթափելու և խցանումների դեմն առնելու համար, սակայն արդյունքը զրոյական է կամ ավելի վատը: Փոխարենը կան դժգոհություններ և՛ տնտեսվարողներից, և՛ վարորդներից, քանզի տնտեսվարողների համար հսկայական խնդիրներ են առաջացել, իսկ խցանումներն առնվազն չեն պակասել, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելացել են: Ասել է թե՝ քաղաքապետարանը հոնքը սարքելու փոխարեն աչքն է հանել:

Այն, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է բեռնաթափել և խցանումների դեմն առնել, երկրորդ կարծիք չկա: Բայց դա համալիր լուծում է պահանջում: Ինչպես որ միայն ավտոբուսներ գնելով տրանսպորտային խնդիրը չի լուծվի, այնպես էլ բեռնատարների մուտքը Երևանի կենտրոն որոշակի ժամերի արգելելով խցանման հարցը չի լուծվի:

«Մայր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տնտեսվարողներից, որոնք հիմնավոր փաստարկներ են ներկայացնում ժամային սահմանափակումների ու հապճեպ կայացրած որոշման դեմ:

Մեր դաշինքը նախընտրական փուլում խոսել է մայրաքաղաքում բեռնատարների ժամային կարգավորումների մասին, բայց մենք առաջարկում էինք նախ լուծել վերգետնյա ու ստորգետնյա ավտոկայանատեղիների խնդիրը, կարգավորել լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հարցերը, ապա նոր միայն անցնել խցանման դեմ իրականացվող մյուս միջոցառումներին:

Բիզնես դաշտին պետք է տալ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան բեռնատար ավտոպարկերը թարմացնել: Ցանկացած նմանատիպ որոշում պետք է կայացնել տնտեսվարողների հետ քննարկումների ու ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ հիմա տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները, բարձրանում է միավոր ապրանքի ինքնարժեքը, տուժում է սպառողը, խցանումներն էլ պակասելու փոխարեն ավելանում են:

Մենք առաջարկում ենք՝

վերանայել ժամային սահմանափակումներ նախատեսող քաղաքապետարանի որոշումը՝ վերադառնալով մինչև նոյեմբերի 13-ը գործող կարգին կամ կրճատել ժամային սահմանափակումները (օրինակ՝ թույլ տալ բեռնատարներին Կենտրոնի նշյալ փողոցներ մուտք գործել նաև ժամը 12:00-ից մինչև 16:00), մինչև շահագրգիռ կողմերի հետ քննարկումներով օպտիմալ որոշում կայացնելը,

չեղարկել ոստիկանության կողմից կիրառված վարչական տուգանքները բեռնատարների վարորդների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ