News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Այս տարվա հոկտեմբերի 30-ին շինարարության ոլորտում աշխատանքի անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական դժբախտ դեպքը տեղի ունեցավ, հայտնում է Տնտեսական լրագրողների ակումբը։ Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Ավետիս Վ.-ն Կոտայքի մարզի Զովունի գյուղում  «Դ ԵՎ Ս քոնսթրաքշն» կազմակերպությունում շինարարական աշխատանքներ կատարելիս ստացել է մարմնական վնասվածքներ  և տեղափոխվել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Այս դեպքին նախորդած մեկ այլ դժբախտ պատահարի զոհ է դարձել 30-ամյա երիտասարդ։ Սեպտեմբերի 22-ին Երևանում Վրացական փողոցի նոր կառուցվող 16-հարկանի   շենքի տանիքից վայր է ընկել և մահացել  Գեղարքունիքի մարզի բնակիչ Անդրանիկ Հ.-ն։ Մարտ ամսին  դարձյալ Երևանում՝ Մելիք Մելիքյան 2/1 հասցեում, բազմաբնակարանայինի շինհրապարակում վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, և  երկաթյա շիթերն ընկել են Կոտայքի մարզի 24-ամյա  բնակիչ, բետոնագործ Դավիթ Դ.-ի վրա։ Նա տեղում մահացել է։

Շինարարության ոլորտում դժբախտ պատահարներ ու դրանց հետևանքով մահվան դեպքեր պարբերաբար գրանցվում են։ Չնայած տարիներ շարունակ և՛ մասնագետները, և՛ լրատվամիջոցները բարձրաձայնում են ոլորտում անվտանգության միջոցառումների թերի լինելու հարցը, իրավասու մարմիններն էլ խոսում են վերահսկողությունը խստացնելու մասին, սակայն իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Շինհրապարակներ այցեր կատարելիս անզեն աչքով նկատելի է, որ աշխատակիցների համար չեն ապահովվում անվտանգության տարրական պայմաններ։ 

Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տվյալների՝ վերջին 3,5 տարիներին (2020-2023-ի մայիս) շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու պատճառով գրանցվել է 127 պատահար, որից 27-ի դեպքում աշխատողի մահ կամ այլ ծանր հետևանք է արձանագրվել։ ։ Այս տարվա միայն հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է 55 դեպք, որից 10-ի դեպքում մահվան կամ այլ ծանր հետևանքով ելք է գրանցվել: 2022 թվականին գրանցվել է 14 դեպք (համահավաք տեղեկատվական աղբյուրը՝ «Հետք» առցանց պարբերականի)։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ejc.am-ին տեղեկացրին, որ 2021-2023 թվականների ընթացքում Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությունը և տարածքային կենտրոնների մասնագիտական ստորաբաժանումները դժբախտ դեպքերի ծառայողական և տեխնիկական քննության վերաբերյալ ստացել են հետևյալը՝ շինարարության ոլորտում՝ 18, հանքարդյունաբերության ոլորտում՝ 15 նյութ։ Նույն ժամանակահատվածում շինոլորտի 16 կազմակերպություններում դժբախտ դեպքի վերաբերյալ հարուցվել է 16 վարչական վարույթ, հանքարդյունաբերական 1 կազմակերպությունում՝ 1 վարույթ։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արայիկ Քուրդյանը ejc.am-ի հետ զրույցում նշել է, որ շինարարության ոլորտում դժբախտ պատահարների թվաճը պայմանավորված է շինարարության լայն ծավալներով. «Շինարարական ծավալի այն աճը, որը հիմա կա, բերում է նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողության թուլացման։ Այսինքն՝ չեն հասցնում պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Օրինակ՝ փորձառու կառուցապատողները, գիտեն, որ շինհրապարակում պարտադիր  է ունենալ անվտանգության մասնագետներ՝ տեխնիկներ, որոնք հրահանգավորում են աշխատակիցներին, թե ինչ պետք է անել, որպեսզի տեխնիկական պահանջները կատարվեն, և դժբախտ պատահարներ չգրանցվեն։ Ակնհայտ է, որ անվտանգության տեխնիկի հրահանգավորման արդյունքում դրանց թիվը  հասցվում է նվազագույնի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ շինարարության ոլորտը կենդանի մեխանիզմ է, հետևաբար 100 տոկոսով հնարավոր չէ բացառել դժբախտ դեպքերը։ Դա նույն է, թե ասենք՝ ավտոմեքենա վարելիս բացառվում է  ՃՏՊ։ Կոպիտ օրինակ կարող է լինել, բայց, եթե ղեկին նստած անձն ամրագոտին կապում է, պատահարի դեպքում մահվան ելքերը քիչ են լինում։ Նույն էլ այստեղ է, եթե անվտանգության տեխնիկը պատշաճ կատարում է իր աշխատանքային պարտականությունները, ապա նորմերը պահպանվում են, և դժբախտ պատահարների թիվը կարող է նվազագույնի հասցվել»։ 

Մեր հարցին, թե արդյոք կա՞ պետական համապատասխան վերահսկողություն, որպեսզի շինհրապարակները պարտադիր ունենան անվտանգության տեխնիկներ, Արայիկ Քուրդյանը պատասխանեց, որ Երևանի ավագանու նոր որոշմամբ՝ ավելի են խստացվել շինհրապարակների կազմակերպման հրահանգավորումներն ու կանոնները։ «Բայց դրանց պահպանումը առավել  կախված է բարեխիղճ կառուցապատող-բարեխիղճ շինարար փոխհարաբերություններից։ Եվ հիմա, կարծես  թե, շուկան գնում է նրան, որ այդ հարաբերությունները կարգավորվեն»,- հավելեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ համեմատական վերլուծություն չունեն, թե դժբախտ պատահարների քանի՛ տոկոսն է գրանցվում շինարարության ոլորտում։ «Երբ շինհրապարակում դեպք է պատահում, ամբողջ համացանցը ողողվում է այդ տեղեկությամբ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին ոչ ոք չի իմանում։ Այդ պատճառով թվում է՝ շինոլորտում դեպքերի թիվը մեծ է»,- ասում է նա։

Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ վերջին շրջանում դժբախտ պատահարների ընդհանուր պատկերը ճիշտ հակառակն է օրինակ՝ շինոլորտ-հանքարդյունաբերություն համեմատականում։ Տեղեկատվական-վերլուծական լայն շրջանակում քանիցս  շեշտադրվել և թվային տվյալներով ներկայացվել է, որ շինոլորտում նախադեպը չունեցող տեմպերով աճում է մահերի թիվը, որի ակնհայտ պատճառը աշխատանքի անվտանգության կանոններին չհետևելն է, դրանց պահպանման նկատմամբ թույլ վերահսկողությունն է և նվազ ուշադրությունը։ Կառուցապատող կազմակերպությունները շինհրապարակները մեծամասամբ չեն ապահովում  անվտանգության պատասխանատուներով,  աշխատողների մեծ մասը չունի անվտանգությունն ապահովող  միջոցներ կամ չի հետևում դրանց պարտադիր կիրառմանը, էլ չասենք, որ հաճախ կառուցապատման ոլորտի աշխատակիցների հետ չի կնքվում աշխատանքային պայմանագիր, ինչի բացակայությունը պատահարների դեպքում ոչ միայն բարդացնում է հատուցում ստանալու հնարավորությունը, այլև շատ հաճախ հենց դեպքերի գրանցում-հաշվառումը։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է արձագանքել, որ հանքարդյունաբերությունը նկատելիորեն բարելավել է իր դիրքերը աշխատանքի անվտանգության ոլորտում և տվյալների համեմատական վերլուծություն կատարելու դեպքում պարզ կդառնա, որ դժբախտ պատահարները  անհամեմատ առավել հաճախ են գրանցվում ոչ թե հանքարդյունաբերական (որն ավանդաբար համարվել է ռիսկային աշխատանք), այլ շինարարական ոլորտում։  Հանքարդյունաբերությունը մշտապես եղել է քննադատության թիրախում ու, գուցե, դա է պատճառը, որ ձեռնարկվել են միջոցառումներ՝ դրական դինամիկա գրանցելու համար։

Այս կապակցությամբ զրուցեցինք նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ, որը  համաձայնում է, որ հանքարդյունաբերությունը կյանքին վտանգ սպառնացող մասնագիտական ոլորտներից թերևս ամենախոցելին է, ամենավտանգավորներից մեկը։  Բայց որքան մեծ է վտանգը, այդքան էլ շատ են ոլորտում  պերմանենտ իրականացվող  կառավարման միջոցառումները,  որպեսզի նվազագույնի հասցվեն ողբերգական պատահարները։ «Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները, պարտադիր ունեն անվտանգության աշխատակիցներ, ովքեր հետևում են աշխատանքի անվտանգության պահպանմանը։ Նույնը սակայն, չենք կարող ասել, օրինակ,  շինհրապարակների մասին. գաղտնիք չէ, որ դրանք, որպես կանոն, չունեն անվտանգության աշխատակից, այսինքն, կարելի է ասել, չկա վերահսկողություն։ Հայաստանում շինոլորտում անվտանգությանը պատշաճորեն ուշադրություն չի դարձվում, չկան անվտանգության ստանդարտներին հետևող ինժեներներ։ Հանքարդյունաբերության ոլորտում  վերահսկողությունը առավել բարձր մակարդակի վրա է։ Ես օրինակներ կարող եմ բերել. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջին անգամ մահվան ելքով դժբախտ պատահար գրանցվել է երեք տարի առաջ, բայց միայն մեր կողքի շենքում, որտեղ շինարարություն են անում, այս տարի մահվան ելքով արդեն երեք դեպք է եղել։ Սա ևս ցույց է տալիս, որ շինարարության ոլորտում վերահսկողությունը չափազանց թույլ է»,- ասում է Տ. Նավասարդյանը և ավելացնում,  որ  «եթե հանքարդյունաբերության ոլորտում մահվան հավանականությունը 80 տոկոս է, ապա շինբնագավառում՝ 30 տոկոս։   Հանքարդյունաբերական բարձրակարգ վերահսկողության արդյունքում  80 տոկոսը նվազեցրվել հասցվել է 20 տոկոսի, իսկ 30 տոկոս հավանական վնասի դեպքում ոչ մի վերահսկողություն չկա, ինչի հետևանքով ստացվում է, որ շինարարությունը դժբախտ դեպքերի գրացմամբ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան հանքարդյունաբերությունը»։

«Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ն 2022 թվականին իրականացրել է ելակետային ուսումնասիրություն (http://surl.li/njazh), որի նպատակն է պարզել ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը: Հետազոտությունն անցկացվել է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում քանակական սոցիոլոգիական հարցումների մեթոդաբանությամբ՝ 1062 աշխատողների շրջանում: Հարցմանը մասնակցածների 81.9%-ը նշել է, որ իր աշխատավայրում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կանոններ կան։ Ընդ որում, հարցվածների 84%-ը նշել է, որ գործատուն իրենց հրահանգավորել է աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ամենաշատ վտանգավորության աստիճանը նշել են պաշտպանության ոլորտի աշխատողները, այնուհետև՝ շինարարության, վերամշակող արտադրության, առողջապահության: Ըստ հետազոտության՝ մտահոգիչ է, որ առողջության համար  վտանգավոր ազդեցությունների պայմաններում աշխատող հարցվածների 79.2%-ը չի ստանում փոխհատուցում վտանգավորության կամ վնասակարության համար: Ավելին՝ այդ հարցվածների շուրջ 40%-ը գործատուի կամ վերադասի հետ չի քննարկել աշխատանքային պայմանների վտանգավորության կամ վնասակարության հարցը։

Ըստ հետազոտության տվյալների՝ հարցվածների 8.7%-ը (92 մարդ)  ունեցել է առողջական խնդիրներ (խեղումներ, մասնագիտական հիվանդություններ)՝ աշխատանքի առանձնահատկությամբ կամ աշխատանքի վատ պայմաններով պայմանավորված: Այն հարցին, թե արդյոք գործատուի կողմից փոխհատուցվե՞լ են բուժման և այլ ծախսերը, վերջիններիս 59.6%-ը տվել է բացասական  պատասխան: 13.8%-ը նշել է, որ դրանք մասնակի փոխհատուցվել են, և միայն 23.4%-ն է նշել, որ լիովին փոխհատուցվել են:

Տպել
Ամենաշատ