News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին քաղաքականության և  անվտանգության քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույցները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Բրյուսելից, զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Անվտանգության և պաշտպանության  քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, ինչպես նաև կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Փաստաթղթում նաև կոչ է արվում կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և, հաշվի առնելով վերջին զարգացումները և Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը, դադարեցնել Ադրբեջանի հետ  գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործում երկրի գրանցած զգալի առաջընթացով », - ասվում է զեկույցում։

Զեկույցը ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակը  տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն աջակցությունն է, և կոչ է անում Եվրոպական խորհրդին ավելացնել առաքելության փորձագետների թիվը, ընդլայնել առաքելության հնարավորություններն ու աշխարհագրական ծածկույթը և երկարաձգել դրա տեղակայման ժամկետը  ևս հինգ տարով։ Նաև կոչ է արվում Ադրբեջանին՝ թույլ տալ նույն առաքելության տեղակայումը իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում նշվում է նաև ԵՄ աջակցությունը Հայաստանի անվտանգության, անկախության և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Զեկույցը կոչ է անում «խթանել կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված պաշտպանական համագործակցությունը»:

Փաստաթուղթը կոչ է անում Եվրոպական խորհրդին պատրաստ լինել նպատակային և անհատական ​​պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի մեղավորների դեմ, բայց չսահմանափակվել  նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջանակով, այլ նաև դադարեցնել նավթի և գազի ներկրումը Ադրբեջանից, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ցանկացած  ռազմական ագրեսիայի դեպքում։

Նախարարների խորհրդի կողմից ընդունված   արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը դատապարտում է Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա և պահանջում է պաշտպանել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Զեկույցում  աջակցություն է հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև  խաղաղ բանակցությունների շարունակմանը, որոնց լրջորեն խոչընդոտել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողությունը և դե ֆակտո էթնիկ զտումները:

Զեկույցը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Երախտագիտություն է հայտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա այն հայտարարության համար, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, ինչպես նաև Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները վերսկսելու մասին նրա վերջին կոչերի համար։ Զեկույցում ողջունվում է նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ