News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը. «Տարբեր ուղղություններով ունենք արդյունավետ համագործակցություն, առկա են նաև նոր ծրագրեր. սա ցույց է տալիս մեր գործընկերության որակն ու այն ներուժը, որը կարելի է օգտագործել»:

Առանձնացնելով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը՝ նախարարն անդրադարձել է Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության ու վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև հուշաթերթի ստորագրմանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնություններն ու շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ շարունակական աշխատանքի և համագործակցության համար:

«Այս օրերին դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցը: Կարծում ենք՝ այս առումով միջազգային գործիքակազմի և ջանքերի լրջագույն կարիք կա: Ընդ որում՝ խնդիրը վերաբերում է թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական մշակութային ժառանգությանը: Նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ամենակարևոր քայլը կլինի տարածաշրջան միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը, որը կկարողանա տեղում արձանագրել հուշարձանների հետ կապված իրավիճակը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ավելի է սրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ԼՂ-ում վտանգված են 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ:

Ըստ նախարարի՝ 2020թ.-ից ի վեր չի հաջողվում ԼՂ ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է՝ խնդրի միջազգային տեսանելիությունն ու իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ոչ նյութական հարուստ մշակութային ժառանգության պահպանության հարցը ևս լրջագույն խնդիր է առաջացնում, քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն այժմ բնակություն են հաստատել ՀՀ տարբեր մարզերում:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ նշելով, որ առկա են հաջողված ծրագրեր, իսկ արդյունքներն առավել, քան տեսանելի են: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցությունը. «Նախորդ շաբաթ նշեցինք փոխանակման հաջող ծրագրերից մեկի՝ FLEX-ի 30-ամյակը, որն ավելի քան 1000 մասնակիցների կյանքում ունեցել է կարևոր որակական ազդեցություն: Կարևորում եմ նաև ներառական կրթության մասով մեր համագործակցությունը, որտեղ շատ կարևոր արդյունքներ ունենք: Կարծում եմ՝ առկա են հիանալի նախադրյալներ այս բոլոր ուղղություններով մեր աշխատանքները շարունակելու համար»:

Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փաստել՝ մեր երկիր իր վերջին այցից հետո մի շարք փոփոխություններ և դրական միտումներ է նկատում:

«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն էականորեն ընդլայնվել է: Այդուհանդերձ, դրանց զարգացման համար առկա է շատ ավելի մեծ ներուժ»,- ասել է Ռաֆիկ Մանսուրն ու կարևորել համատեղ իրականացվող կրթական ու մշակութային մի շարք ծրագրեր:

Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել է՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է հայ լրագրողների համար նախատեսված նոր փոխանակման ծրագրի մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ «Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագրի» շրջանակում հայաստանյան 54 լրագրողներ հնարավորություն կունենան այցելելու Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ուսումնական ծրագրերի, որոնք ոչ միայն կբարելավեն ապատեղեկատվության վերհանման, լրագրողական հրապարակումներ պատրաստելու նրանց հմտությունները:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները՝ ընդգծելով՝ հանրակրթության պետական նոր չափորոշչով առանձնակի ընդգծվում է մեդիագրագիտության դերը, և սա վստահաբար կնպաստի որակյալ մեդիադաշտի և մասնագիտական կրթության ապահովմանը:

Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ջանքերի համատեղումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համատեղ ծրագրային նախաձեռնությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակունցը հայ ուսանողներին ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղությունները
Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հիմնական...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ. դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է իր պաշտոնավարման մեկ տարին
Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ...
Ընդունելություն՝ ի պատիվ Մակունցի. նա անդրադարձել է ՀՀ մարտահրավերներին ու սպառնալիքներին
Բացման խոսքով է հանդես եկել և դեսպանին ներկայացրել խմբի նախագահ Նելսոն Գարսիան, որից հետո ելույթ է...
Դեսպան Մակունցը կոնգրեսական Դիազ-Բալարտի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ համար առկա մարտահրավերներին
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների առաջնահերություններին, ՀՀ համար ներկայումս...
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր...
Նորարարությունը կարևոր դեր է խաղալու ՀՀ-ի ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում. ԱՄՆ դեսպան
Նորարարությունը եղել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ…
Ամենաշատ