News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով թե՛ ներկայումս քննարկվող ծրագիրը մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում, թե՛ հնարավոր համագործակցության՝ բավականին մեծ օրակարգը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել Եվրոպական ներդումային բանկի կողմից Սյունիքի մարզում իրականացվող համապարփակ աշխատանքը:

Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում դիտարկվում է Սյունիքի մարզի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքների իրականացումը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սա մի ամբողջական մոտեցում է՝ ուղղված Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանն ու բոլոր համակարգերի որակական փոփոխությանը. «Այդ շարքում կրթությունն ունի առանձնահատուկ նշանակություն: Կարևորում եմ, որ մեր համատեղ ծրագրի շրջանակում կարողանանք ընդլայնել մասնագիտական որակյալ կրթության հնարավորությունները Սյունիքի մարզի համար: Այս համատեքստում հատկանշական է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի հետ համագործակցությունը, որը մասնագիտական կրթության ոլորտում մեր հուսալի և շարունակական գործընկերներից մեկն է»:

Անդրադառնալով համագործակցության մյուս հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում համատեղ նախագծերի հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դպրոցների և մանկապարտեզների մեծածավալ շինարարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է այդ դպրոցների ցանկը, ու թեև աշխատանքները տևական ժամանակ է, ինչ մեծ թափով ընթանում են, դեռևս շատ անելիքներ կան:

Հաջորդ ուղղությունը, որի շրջանակում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունը, վերաբերել է բարձրագույն կրթությանը և գիտությանը:

«Եվրոպական ներդրումային բանկն ունի մեծ փորձառություն նաև բուհական և հետազոտական համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերում: Այս ուղղությամբ ևս մեծածավալ ծրագիր ենք իրականացնում, որը կապված է ՝բուհերի և գիտական կազմակերպությունների համար նոր ենթակառուցվածք և միջավայր ձևավորելու հետ: Խոսքն «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին է: Նախատեսում ենք շուրջ 700 հա տարածության վրա կառուցել անհրաժեշտ ենթակառուցվածքներ մինչև 16 բուհերի համար, որտեղ լինելու են նաև գիտահետազոտական կենտրոններ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջարկելով դիտարկել համատեղ աշխատանքների հնարավորությունը նաև այս ուղղությամբ:

Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Լիոնել Ռապան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ ԵՄ-Հայաստան երկխոսության համատեքստում կրթության ոլորտն առաջնայիններից է.

«Կրթության բոլոր մակարդակները մեր բանկի ներդրումային գործունեության հիմնական ուղղվածություններից են: Կրթության ոլորտին մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում և տրամադրում ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն»,- ասել է Լիոնել Ռապան և պատրաստակամություն հայտնել դիտարկելու թե՛ լրացուցիչ ու շարունակական կրթության, թե՛ դպրոցաշինության և թե՛ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Տպել
Ամենաշատ