News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի բնակիչները բողոքում են իրենց տների հարեւանությամբ կառուցվող բազմահարկի շինարարությունից։

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչ, «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանն ասում է, որ կառուցապատողն ապօրինի է կառուցում այդ չորս հարկանի շենքերը.

«Այն, ինչը տեսնում եք, ապօրինի է։ Շինարարության թույլտվությունները հատկացվել են շինարարական նորմերի կոպիտ խախտումներով։ Կառավարության 2004 թվականի որոշմամբ՝ «Աֆղանստան» ՀԿ–ին հատկացվել են հողամասեր՝ 2-3 հարկ շենքեր կառուցելու նպատակով, սակայն պաշտոնյաները անտեսելով կառավարության որոշումը, թույլատրում են կառուցել ադպիսի բազմաբնակարան շենքեր։ Մենք նախկինում բողոքարկել էինք, եւ նախագիծը վերանայել էին, սակայն միեւնույն է, չեն պահպանվում հեռավորության սահմանված նորմերը. պետք է 20 մետր հեռավորություն պահպանվի այդ շենքերի միջեւ, սակայն այս դեպքում պահպանվում է 10 մետր»։

Բնակիչները ապօրինի շինարարության մասին բարձրաձայնել են եւ՛ Երեւանի քաղաքապետին, եւ՛ վարչապետին, սակայն, նրանց խոսքով, պաշտոնյաները ոչ տեսնում, ոչ էլ ուզում են տեսնել խնդիրը.

«Նոյեմբերի 10-ին վարչապետին ուղղված նամակ էինք պատրաստել, անցած շաբաթ ունեցել ենք շատ վատ պատասխան.  Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից նամակ է եկել, որտեղ նշվում է, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից ուսումնասիրվել է եւ ոչ մի խախտում չի հայտնաբերվել. 2,5 մետր հեռավորությունը ձեզ համար 20 մե՞տր է։ Ընկել եք կառուցապատողի սիրուն աչքերի ազդեցության տակ եւ ձեզ համար ոչ մի օրենք, ոչ մի շինարարական նորմ գոյություն չունի։ Նախորդ տարվա ամռանը մեր բողոքների հիման վրա դադարեցվել էր եւ տեղադրված ֆունդամենտն ապամոնտաժվել էր, սակայն այս տարի նորից սկսվել է աշխատանքը»։

Բնակիչները տեղեկություն ունեն, որ նույն կառուցապատողը պատրաստվում է տարածքի այլ հատվածում էլ 9 հարկանի շենք կառուցել. «Առաջարկում ենք, որ Տիգրան Ավինյանն այցելի այս հասցե, եւ տեսնի, թե ինչ է տեղի ունենում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ