News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը խոստացել է որոշ ժամանակ հետո՝ հունվարին կամ ավելի ուշ, 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում առկա բոլոր վրիպակները ամփոփոխ կամ շտկող նյութ տալ՝ էլեկտրոնային կամ տպագիր ձեւով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե այժմ ինչ փուլում է այդ առարկայի նոր դասագրքերում առկա թերացումները շտկելու հարցը։

Հարցին՝ կա՞ տեղեկատվություն, թե աշակերտներն այդ դասագրքերով են շարունակում սովորել, փորձագետն ասաց․ «Չեմ կարող ասել, որովհետեւ փաստեր չունեմ, բայց կարող են լինել դեպքեր, որ այլ գրքից են օգտվում, որովհետեւ «ֆեյսբուքում» այդպիսի գրառումներ ուսուցիչների կողմից արվել են, բայց անում են, թե՝ ոչ, չեմ կարող ասել։ Ընդհանրապես մեր օրենսդրությունը ուսուցչին իրավունք է տալիս իր ռեսուրսներով դասը վարել։ Դասագիրքը պարտադիր չէ։ Ուսուցիչը կարող է իր նյութերը ստեղծել, այլ նյութերից օգտվել։ Միակ պահանջն այն է, որ չափորոշչի վերջնարդյունքներն ապահովվի։ Թե դա ինչ ռեսուրրսներով կարվի՝ օրենքը ուսուցչին չի սահմանափակում։ Այսինքն՝ եթե ուսուցիչը այլ աղբյուրներից է օգտվում՝ դա, ըստ էության, խախտում չէ»։

Անդրադառնալով այն հարցին, թե տեղի՞ն էին այդ դասագրքի առնչությամբ հնչող քննադատությունները, ինչպես նաեւ նախարար Անդրեասյանի այն խոսքին, թե ծնողները չէ, որ պետք է որոշեն, թե դասագրքում ինչը ներառված լինի, Սերոբ Խաչատրյանն ասաց․ «

«Նեղ իմաստով, իհարկե, որովհետեւ դա մասնագիտական աշխատանք է, եւ գիտնականը, մասնագետը պետք է որոշեն, թե ինչ գրել, բայց ծնողները կարող են իրենց կարծիքը հայտնել, եթե տեսնում են՝ ինչ-որ բան չի համապատասխանում երեխայի տարիքային առանձնահատկություններին։ Այսինքն՝ այնպես չէ, որ ծնողը չի կարող կարծիք հայտնել, բայց այն, որ դասագիրքը պետք է գրեն մասնագետները՝ ակնայտ է։ Այս դեպքում խնդրի հիմնական պատճառն այն է, որ նախարարությունը բավական քիչ գումար է հատկացրել՝ դրա համար դասագիրքը ունեցել է մեկ հեղինակ, ժամանակը կարճ է եղել՝ դրա համար շտապողականության մեջ եղել են բացթողումներ։ Մյուսը՝ պարտադիր չի եղել գիտնականի առկայություն։ Ճիշտ չէ, որ միայն ուսուցիչն է ընտրում։ Գիտնականի առկայությունը ընտրող հանձնաժողովում պետք է լինի պարտադիր, որովհետեւ գիտնականը կարող է որոշել այս կամ այն բանը ճի՞շտ է, քարտեզը ճի՞շտ է։ Ուսուցիչը կարող է այդպիսի բաները չտեսնել, որովհետեւ ինքը գիտնական չէ։ Այսինքն՝ այս ամենը կարող էր չլինել, եթե պրոցեսը լավ կազմակերպվեր»։

Հարցին՝ որքա՞ն գումար է ծախսվել դասագրքի համար, Խաչատրյանն ասաց․ «Ընդհանուր տրվել է 6 միլիոն 300 հազար դրամ, եւ այդ գումարի մեջ մտնում են բոլոր ծախսերը՝ էջադրող եւ մնացած մասնագետները»։

Հիշեցնենք, որ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի 80-րդ էջի քարտեզում Արցախն Ադրբեջանի սահմաններում է գծանշված, ինչը մի շարք մասնագետների դժգոհությունն է առաջացրել։ Քարտեզում Ուրարտուի մեջ ներառված չէ այսօրվա Հայաստանի հանրապետության տարածքը, Ուրարտուի տարածքը գլխավորապես զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի եւ Նախիջեւանի հատվածները, ինչը մի շարք մասնագետների մտահոգությունն է առաջացրել։ Իսկ մեկ այլ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանն առաջարկել է, որպեսզի պատասխանատվության ենթարկվի «Հայոց պատմություն» առարկայի 7֊րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։ Այդ առնչությամբ պարզաբանում է տարածել դասագրքի հեղինակային խումբը, նշելով, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի քարտեզը հնարավորություն է տալիս աշակերտին քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի պատկերն ու ժամանակակից աշխարհի պատկերը։

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում ինչո՞ւ է Արցախն Ադրբեջանի սահմաններում գծանշված. պարզաբանում

Տպել
Ամենաշատ